ՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։

Գեղամ Գևորգյանը ողջունել է hյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող  գործչի։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքը։ Նա մասնավորապես նշել է, որ  մշակվել է լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որի համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու է այս ոլորտում կենտրոնական և կոնտակտային մարմնի դերը։ Արդեն իսկ  գործարկվել է նոր թվային գործիք՝ «Սպառողի օգնական», որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց անհատական բողոքները ներկայացնել տնտեսավարողներին։

Մեգլենա Կունևան ողջունել է մեկ մարմնի ներքո մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գործառույթների մեկտեղման գաղափարը՝ ներկայացնելով իր առաջարկները բարեփոխումներին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտի օրենսդրության կիրարկման, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներգրավման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների  ներդրման, ապրանքների մակնշման, շահերի պաշտպանության և հանրային իրազեկման միջոցառումների, կրթական ծրագրերի իրականացման և այլ հարցերի շուրջ։

Spread the love