ՆԳՆ-ն հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ. Ոստիկանությունում ծառայության անցնելու վերին տարիքային սահմանափակումը կհանվի, կբարձրանա ծառայության անցնելու գրավչությունը

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ներքին գործերի նախարարության կողմից շրջանառության է դրվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում․

✓ Կհանվի Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայումս սահմանված վերին տարիքային սահմանափակումը (35 տարին լրացած անձինք ներկայումս չեն կարող անցնել ծառայության)։ Արդյունքում, ոստիկանությունում ծառայության կանցնեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք տիրապետում են հայերենին և իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները (արական սեռի դիմորդների դեպքում կպահպանվի պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու պահանջը)։

✓ Կընդլայնվեն քաղաքացիական անձանց աշխատանքի ընդունվելու հնարավորությունները։ Առնվազն բակալավրի որակավորում ունեցող և ՆԳՆ կրթահամալիրում համապատասխան դասընթացն ավարտած անձինք, ոստիկանության ծառայողներին զուգահեռ, կնշանակվեն համայնքային ոստիկանի պաշտոնում։

✓ Դասընթացն ավարտած քաղաքացիական անձանց կշնորհվի առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում: Այդ անձինք, վերապատրաստումը հաջողությամբ հաղթահարած ոստիկանության ծառայողների համանմանությամբ, կհամարվեն ատեստավորում անցած, և, բացի աշխատավարձից, կստանան նաև համապատասխան հավելավճար: Արդյունքում, ընդհանուր վարձատրության չափը, օրինակ, միջին խմբի պաշտոնում նշանակվելու, «Լեյտենանտ» կոչում ստանալու և գերազանց ատեստավորվելու դեպքում կկազմի շուրջ 500 000 ՀՀ դրամ:

Նախագծային լուծումների համար հիմք են հանդիսացել միջազգային առաջավոր փորձը, ինչպես նաև հանրային լայն կոնսենսուսը, այդ թվում` քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները։

Նախագծի հղումը

 

 

Spread the love