Իբուպրոֆեն ցավազրկող դեղամիջոցը կարող է արգելափակել քաղցր համի ռեցեպտորները ողջ օրգանիզմում՝ նվազեցնելով դիաբետի եւ նյութափոխանակության հետ կապված այլ հիվանդությունների ռիսկը: Այս եզրակացությանն են հանգել Ռութգերսի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Pharmacology ամսագրում:
Փորձին մասնակցել են 18-58 տարեկան 15 տղամարդ եւ 17 կին: Առաջին փուլում մասնակիցները ողողել են իրենց բերանը իբուպրոֆեն նատրիումի կամ նապրոքսեն նատրիումի լուծույթով երեք տարբեր խտություններով: Այնուհետեւ կամավորներին խնդրել են գնահատել սախարոզայի, սուկրալոզայի (արհեստական քաղցրացուցիչ) եւ ֆրուկտոզայի լուծույթների քաղցրությունը:
Արդյունքները ցույց են տվել, որ իբուպրոֆենը ճնշում է քաղցր համի ընկալումը։ Դա պայմանավորված է TAS1R2-TAS1R3 ռեցեպտորների ճնշմամբ, որոնք արձագանքում են շաքարին: Նյութը նաեւ դանդաղեցրել է մարդու երիկամների բջիջներում սախարոզայի եւ սուկրալոզայի ազդանշանների մոլեկուլյար փոխանցումը:
Գիտնականները բացատրել են, որ TAS1R2-TAS1R3-ը գտնվում է ոչ միայն բերանի խոռոչում, այլեւ ողջ մարմնում։ Դրանք, ի տարբերություն լեզվի համի ընկալիչների, չեն կարողանում շաքարն ընկալել ճաշակի մակարդակով, բայց կարողանում են հայտնաբերել այն եւ օգտագործել նյութափոխանակության պրոցեսում։
Հետազոտողների խոսքով՝ ամբողջ օրգանիզմում TAS1R2-TAS1R3 ռեցեպտորների «անջատումը» կարող է փոխել նյութափոխանակությունը եւ նվազեցնել այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին են դիաբետը եւ ճարպակալումը: Այս տվյալները համահունչ են այն ուսումնասիրություններին, որոնք ցույց են տվել, որ իբուպրոֆենի հաբեր ընդունելը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը: Ավելի հավանական է, որ նման էֆեկտը կապված է որոշակի հյուսվածքներում շաքարի մետաբոլիզմի ճնշման հետ։