Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ:
Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։
«Պորտուգալական Սինեմատեկի» դահլիճում ցուցադրության բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել «Սինեմատեկի» տնօրեն Ռուի Մաշադոն, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Պորտուգալիա–Հայաստան» բարեկամության ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը։
Ցուցադրության ընդհանուր ծրագրում ընդգրկված են եղել «Նռան գույնը» լիամետրաժ, «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև հատվածներ ռեժիսորի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից։
Միջոցառման նպատակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի և ստեղծագործությունների հանրահռչակումն ու տարածումն է արտերկրում:
Մարտի 15-31-ն անցկացվող ցուցադրության ծրագիրը՝ https://tinyurl.com/3r6f5zvu