ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը:
Ներկայացնելով սպորտի ոլորտի 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի հիմնական ուղղությունները՝ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները պայմանավորված են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ և բխում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից ու Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից:
Սպորտի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է առողջ ապրելակերպի խթանմանը՝ զանգվածային սպորտային միջոցառումներ կազմակերպելու և դրանցում բնակչության տարիքային և սոցիալական տարբեր խմբեր ներգրավելու միջոցով: Ըստ այդմ՝ կշարունակվի մանկապատանեկան սպորտի զարգացմանը միտված քաղաքականությունը՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ և սպորտային ենթակառուցվածքների ստեղծմամբ: Մյուս կարևոր ուղղությունը սպորտի ոլորտում պետության միջազգային հեղինակության բարձրացումն է՝ միջազգային և տեղական մրցումներին հայ մարզիկների մասնակցության, բարձր նվաճումների խրախուսման, ֆեդերացիաների գործունեությանն աջակցելու և ՀՀ-ում միջազգային մարզական մրցաշարեր կազմակերպելու միջոցով:
ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի խոսքով՝ 2026 թվականից սկսած՝ ֆինանսավորման ծավալները կվերանայվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծով արդեն իսկ որոշակի ավելացումներ նախատեսվել են՝ ի լրումն վերջին տարիներին սպորտի ոլորտում արդեն իսկ կատարված բյուջետային հատկացումների բարելավման:
Ըստ Նարինե Շահբազյանի՝ ՀՀ տարածքում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ Հայաստանի հավաքականի անդամի համար նախատեսվող մեկ օրվա կեցության գումարն ավելացվել է. այն կկազմի 16300 դրամ՝ նախկին 9800 դրամի փոխարեն: Այս նպատակով ավելացվել է նաև մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը: Միջոցներն ուղղվելու են նաև միջազգային մրցաշարերի անցկացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, վիտամինիզացիայի և չարգելված սպորտային հավելյալ սննդով, դեղորայքներով ապահովմանը, հոգեբանական, բժշկական աջակցությանը, հակադոպինգային ծրագրերի իրականացմանը: Ավելացել են նաև նոր ծրագրեր, որոնք իրականացվելու են ֆեդերացիաների հետ համատեղ և ուղղվելու են մարզաձևերի զարգացմանը: Առանձին ֆինանսավորում է նախատեսված հաշմանդամային սպորտի, ինչպես նաև ուսանողական սպորտի զարգացման համար:
Հանդիպման ընթացքում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են հիմնականում ֆեդերացիաների ֆինանսավորմանը, մարզիկների՝ սպորտային նպաստի տրամադրմանը, ուսումնամարզական հավաքների անցկացմանն ու միջազգային մրցաշարերի մասնակցության ապահովմանը, ոլորտային այլ խնդիրների:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հավաստիացրել է՝ ֆեդերացիաների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները հաշվի կառնվեն: