Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ժամը 15:00-17:00-ն Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։
Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Գեղագիտության ազգային կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար։
Օրվա ընթացքում Երևանի արվեստի և գեղարվեստի դպրոցներում ևս կկազմակերպվեն նկարչության դասեր։
Արվեստի համաշխարհային օրը պաշտոնապես ընդունվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2019 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանում։ Ողջ աշխարհում օրը նշվում է տարբեր միջոցառումներով՝ ցուցահանդեսներ, բաց արվեստանոցներ, թատերական ներկայացումներ, համերգներ, աշխատանքային սեմինարներ և այլն։