Մոնղոլիայում տասն օրում կարմրուկով հիվանդացությունն ավելացել է 180 դեպքով

Ապրիլի 11-ից Մոնղոլիայում կարմրուկով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը 479-ից հասել է 659-ի, հայտնել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։

«Ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ Մոնղոլիայում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերը ապրիլի 11-ից տասն օրում 479-ից հասել են 659-ի: Պացիենտների հետ կապի մեջ գտնվող ավելի քան 11 000 քաղաքացի գտնվում է հսկողության տակ, որոնց մեծ մասը գրանցված է Ուլան Բատորում»,- հայտնել են կենտրոնից։ Ռուսաստանին սահմանակից Խենտիյ այմակում (շրջան) գրանցվել է վարակի վեց դեպք։

Կենտրոնում հիշեցրել են, որ կարմրուկի կասկածով առաջին հիվանդը Վիետնամից չվերթով ժամանել է Մոնղոլիայի մայրաքաղաք 2025թ. փետրվարի վերջին։

Երկրում երեխաների շրջանում կարմրուկի վերջին գրանցված բռնկումը եղել է 2019թ. մարտին, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մոնղոլիան ճանաչել է որպես երկիր, որը վերացրել է կարմրուկը 2016թ.։

Spread the love