ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը:
Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ:
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է ընձեռում սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում:
Այս պահին ծրագրում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Առաջին տարվա հանրահաշվի արդյունքների հիման վրա՝ մեկ տարվա ուսումնառության ընթացքում աշակերտների շուրջ 51%-ն առաջադիմել է թույլ գիտելիքային շեմից մինչև միջին և բարձր շեմ։
«ԱԲ սերունդ» ծրագրով ուսումնառություն ստացող 10-րդ դասարանի աշակերտների հանրահաշվի ավարտական քննության արդյունքի միջին ցուցանիշը 2.2 անգամ բարձր է հանրակրթական ընդհանուր ծրագրով սովորող աշակերտների միջինից (համեմատությունը կատարվել է Տավուշի մարզի դպրոցների հետ)։ Ծրագրի ազդեցության չափման արդյունքների համաձայն՝ աշակերտների մեծ մասը ոգևորությամբ է մասնակցում դասերին, և «ԱԲ սերունդ» ծրագիրը համահունչ է աշակերտների մեծամասնության մասնագիտական և անձնական ձգտումներին։
Ծրագրի շրջանակում իրականացվում են նաև ուսուցիչների շարունակական վերապատրաստումների և աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչև 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել ընդհանուր առմամբ 45 դպրոց: