ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, պարի միջազգային օրվան նվիրված, այսօր ժամը` 18:00-ին մայրքաղաք Երևանում տեղի կունենա «Քոչարիի» պարային ֆլեշմոբ:
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը և Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը կմասնակցեն պարային ֆլեշմոբին, և «Քոչարի» պարի իրենց բեմադրություններով` ժամը 18:00-ին, իրար հաջորդելով հանդես կգան Ազատության հրապարակում և նախարարության շենքի կամարի տակ:
Այնուհետև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի վերոգրյալ անսամբլները հանդես կգան Երևանի պարարվեստի պետական քոլեջում ` ժամը 19:30-ին տեղի ունենալիք տոնական համերգի ընթացքում, իրենց մասնակցությամբ պատվելով մայր ուսումնարանին, որտեղից դուրս են եկել գրեթե բոլոր պարարվեստի գործիչները:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը. «Սիրելի՛ պարողներ,
Այսօր Պարի միջազգային օրն է։ Դուք այն ստեղծագործողներն եք, ովքեր բառերի փոխարեն խոսում եք շարժումով, ստեղծում զգացմունքների աշխարհներ՝ յուրաքանչյուր շարժումով։
Ձեր նվիրումն ու սերը դեպի պարը ոգեշնչում է և ջերմացնում հանդիսատեսի սրտերը։ Ձեր յուրաքանչյուր քայլում ապրում է արվեստը, գեղեցկությունը, քաջությունը և անվերջանալի ստեղծագործական ոգին։
Թող ձեր ընտրած ուղին միշտ լինի լույսով լեցուն, մարմինն ու հոգին՝ անսպառ եռանդով, իսկ ձեր պարը՝ ապրեցնի մեր հասարակությանը՝ դարձնելով այն ավելի գունեղ և լուսավոր։
Շնորհավոր Պարի միջազգային տոնը։ Շարունակեք շնչել, ստեղծել ու ապրել պարի անսահման գեղեցկության մեջ»: