Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության և համանուն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը Արարատի մարզն է: Պատանի կոմպոզիտորները ելույթ կունենան հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 14:00-ին Արտաշատ համայնքի Բերքանուշի մշակույթի տանը: Համերգին կմասնակցեն այս և նախորդ տարիների հաղթողները: Այն կիրականացվի Բերքանուշ բնակավայրի աջակցությամբ:
Նշենք, որ նմանօրինակ նախաձեռնությունները յուրատեսակ կապ են ձևավորում Երևանում ապրող և ստեղծագործող պատանի կոմպոզիտորների և մարզերում բնակվող իրենց հասակակից երաժիշտ կատարողների միջև: Մարզային համերգների շնորհիվ պատանիների ստեղծագործությունները հասանելի են դառնում նաև մարզային ունկնդրին:
Համերգների մուտքն ազատ է: