Թուրքիան իր հետախուզական ծառայության միջոցով Սիրիայում Իսրայելի իրականացրած ավիահարվածների վերաբերյալ իր տեսակետը փոխանցել է Իսրայելի իշխանություններին, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ըստ Ֆիդանի՝ Անկարան նաև սերտ կապի մեջ է տարածաշրջանային տերությունների և Միացյալ Նահանգների հետ։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ սերտ կապի մեջ է ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ։
Ֆիդանը հավելել է, որ ինքն այս հարցը հեռախոսազրույցների ժամանակ քննարկել է իր սիրիացի, հորդանանցի և սաուդցի գործընկերների հետ։
«Միևնույն ժամանակ, մենք մեր հետախուզական ծառայության միջոցով իսրայելցիներին փոխանցեցինք այս հարցի վերաբերյալ մեր տեսակետները, որ մենք այստեղ անկայունություն չենք ուզում», – ասել է Ֆիդանը՝ նշելով, որ Սիրիայի նոր կառավարությունը առանց տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու միջոցառումների չի կարողանա կարգավորել հակամարտությունը։
