Սպառողների իրավունքների պաշտպանության օրը ամփոփվեց նոր համագործակցությամբ

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է ՝

Իմ ելույթը սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։

Արցախի հանրապետության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հարգելի ընկերներ, դեսպանությունների, միջազգային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, գիտության և կրթության ոլորտի հարգելի ընկերներ, հասարակական կազմակերպությունների, ասոցացիաների հարգելի բարեկամներ, գործընկերներ :

Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է։Ողջունում եմ բոլորիդ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառման կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում միջոցառմանը մասնակցելու և սպառողների իրավունքները կարևորելու համար։

2017թվականից ի վեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, այնուհետև սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հանդիսանալով սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության պետական կառույց, կարևորում է այս տոնը և իրականացնում տոնին նվիրված միջոցառումներ: 2020 և 2021 թվականներին, սակայն, covid 19 համավարակի բռնկման պատճառով, միջոցառումներ չիրականացվեցին, որովհետև սպառողների և ոչ միայն սպառողների իրավունքներից կարևորագույնը հանդիսանում է առողջությունը: Ամբողջական լոքդաուն մտցնելը դրա վառ ապացույցն էր։ Դա ապացույցն էր նաև այն իրողության, որ մարդկանց առողջությունը առաջնահերթություն է նաև մեր կառավարության համար։

Չեմ կարծում, թե գտնվի որևէ մեկը, ով կմերժի այն գաղափարը, որ հանրային առողջությունը առաջնահերթություն է, սակայն պետք է հասկանանք, թե ում համար ինչ է նշանակում առաջնահերթություն։ Մեկի համար առողջական վտանգի առաջնահերթություն կարող է լինել սրտխառնոցը, մյուսի համար՝ միկոտոքսինների առկայությունը սննդամթերքում, 3-րդի համար՝ ծանր մետաղների կամ թունավոր տարրերի առկայությունը շրջակա միջավայրում կամ սննդամթերքում։

Իմ խորհին համոզմամբ, առողջական լուրջ խնդիրները 1 օրում չեն առաջանում։ Նա, ով չի տեսնում ծանր մետաղների, պեստիցիդների, թունավոր տարրերի առկայության վտանգավոր առաջնահերթությունը առողջական խնդիրների հարցում, չի քայլում մեզ հետ։

Ուրախ եմ, որ բոլորդ այստեղ եք, ու այս հարցում մենք շարժվում ենք ոչ թե յուրաքանչյուրս մեր առաջնահերթություններով, այլ համատեղ: Միայն միասին քայլելով մենք խնդիրներին կտանք համապարփակ և ճիշտ լուծումներ։ Մեր խնդիրներից է դիմացինին ասել, որ մենք աջակից ենք, այլ ոչ թե խանգարող, որ եթե ասում ենք՝ այս կամ այն բանը կանենք, ուրեմն կանե՛նք՝ իմանալով, որ բոլորս իրար աջակցելու ենք, միասին ենք գործելու, որպես մեկ մարմին, մեկ իշխանություն: Բոլորս ասելով՝ նկատի ունեմ պետական կառույցները՝ էկոնոմիկայի, առողջապահության, բնապահպանության նախարարությունները, ուժային կառույցները, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, իմ գործընկեր բոլոր տեսչական մարմինները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների ազգային կենտրոնը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ասոցիացիաները և հասարակական կազմակերպությունները։

Հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների հետ մենք վարում ենք շատ արդյունավետ համագործակցություն։ Երբ ինձ պետք է իմանալ ինչ խնդիրներ ունենք սպառողների իրավունքների պաշտպանության, ագրարագյուղացիական, թռչնաբուծության, պանրագործության և անասնաբուժության ոլորտներում, ես գիտեմ՝ ում հետ և ինչ կարող եմ քննարկել առկա խնդիրների լուծման և ոլորտի զարգացման համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր մշտական գործընկեր և աջակից Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպությանը, մեր բոլոր նախաձեռնություններում մեր կողքին լինելու և աջակցելու համար։Սպառողների իրավունքների պաշտպանության գործում կարևոր դեր են խաղում լրատվամիջոցները, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այն լրատվամիջոցներին, որոնք վեր են հանում ոլորտի խնդիրները, քննադատության են ենթարկում մեզ՝ դրանով իսկ նպաստելով մեր զգոնության, սթափության աճին և ոլորտի խնդիրների լուծմանը։

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։

Spread the love