Զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը նվազեցնում է բոլոր պատճառներով մահվան ռիսկը․ AHA

Սրտի պսակաձև զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը ոչ միայն պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից, այլև նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը։ Այս եզրակացությանն են եկել Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) Intermountain Health կլինիկայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) համաժողովում։

Գիտնականները վերլուծել են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող 40 018 պացիենտների բժշկական քարտերը։ Նրանք բոլորը անցել են ՊԷՏ/ՀՏ հետազոտություն։ Ախտորոշման այս մեթոդը համատեղում է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)։ Այն օգնում է հայտնաբերել ախտաբանական գործընթացներ, ինչպիսիք են ուռուցքները, բորբոքումները կամ վարակները։

7 967 մասնակիցներ չեն ունեցել պսակաձև զարկերակների կալցիֆիկացիայի նշաններ, մինչդեռ 32 051 պացիենտների մոտ դիտվել է կալցիումի կուտակումների տարբեր մակարդակներ։ Հետազոտողները հինգ տարվա ընթացքում հետևել են երկու խմբերի մահացությանը։ Պարզվել է, որ կալցիֆիկացիայի ցանկացած մակարդակի դեպքում վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը բարձրացել է երկու-երեք անգամ։ Գիտնականները նաև նշել են, որ կալցինոզ ունեցող պացիենտների միայն մեկ քառորդն է մահացել սիրտ-անոթային հիվանդություններից։

«Մենք դեռևս հստակ չգիտենք, թե ինչու է զարկերակներում կալցիումը կապված ոչ սրտային պատճառներով մահացության հետ։ Հաջորդ քայլը լինելու է մահվան պատճառների ուսումնասիրությունը և դրանց ճշգրիտ դասակարգումը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, բժշկական գիտությունների դոկտոր Ջեֆրի Լ. Անդերսոնը։

Spread the love