ՀՀ–ում ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել. մենք առաջարկում ենք փոխել տրամաբանությունը. Թաթոյան

Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ստացվում է`ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել։ Այս մասին ուսանողների հետ պետության և հասարակության, պաշտոնյաների և քաղաքացիների հարաբերությունների մասին քննարկման ժամանակ հայտարարել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համակարգող, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մինչդեռ ինքը պիտի գա բուհական համակարգը լրացնի և անձին դարձնի մասնագետ։ Իսկ պետությունը ինչ կարող է անել, օրինակ ունենալ ըստ մասնագիտական ուղղությունների տված անհրաժեշտ պատվերներ, թեկուզ ֆինանսավորի կոնկրետ բնագավառներ։ Ասի՝ օրինակ, ինձ պետք են փականագործներ, ես ֆինանսավորում եմ։

Դրա համար մենք նաև զարգացնելու ենք ոչ միայն բուհական համակարգը, նաև միջին մասնագիտական կրթությունը, ինչը շատ-շատ կարևոր է։ Մենք դա պետք է զարգացնենք, որ մեր հասարակությունում բոլորը լինեն պիտանի։ Թե չէ այնպես է ստացվել, մի պահ եկավ բոլորը բարձրագույն կրթություն էին գնում ստանում։ Չենք ասում՝ դա վատ բան է, թող գնան բոլորը ստանան, բայց մենք ունենք ուրիշ այլ մասնագիտություններ, որոնց կարիքը մեր պետությունն ունի։


Մենք առաջարկում ենք փոխել տրամաբանությունն ամբողջությամբ. դպրոցն ավարտող աշակերտը պետք է լինի ինքնակայացած և ինքնակերտած։  Չսպասի՝ տեսնի ծնողը հնարավորություն ունի իր համար կրկնուսույց վարձելու, թե մնա բախտի քմահաճույքին։

Կրթական համակարգը պետք է դպրոցականին պատրաստի բուհական համակարգի համար»,– հայտարարեց նա։

Թաթոյանը օրինակ բերեց ամերիկյան համակարգը, որտեղ երբ աշակերտն ուզում է ընդունվել որևէ բուհ և որևէ մասնագիտությամբ, ինքը նախապես գնում է այդ մասնագիտությունը նկատի ունենալով պրակտիկա է անցնում. «Եթե, օրինակ, ուզում է բժիշկ դառնալ, պետք է գնա ինչ-որ լաբորատորիա գտնի, այդ լաբորատորիայում պրակտիկա անցնի, և կամաց-կամաց ինքը բերում, իրեն դարձնում է համալսարանի համար ընդունելի»։

Spread the love