Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերաբերյալ ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի հռչակագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ։ Նոյեմբերի 20-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նման կերպ նա այդ հայտարարությունն արել է Արցախում հրադադարի համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի վերաբերյալ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հարցազրույցների մեկնաբանության խնդրանքին ի պատասխան։
«Մանրամասն տեղեկություն է տրամադրվել ինչպես այդ ժամանակվա իրադարձությունների, այնպես էլ մեր երկրի ընդհանուր ներդրման մասին հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։ Մեր երկրի դիրքորոշումն այդ հարցում բնութագրվում է անկեղծությամբ և հետևողականությամբ։ Ի դեպ, մենք պարբերաբար մեկնաբանում ենք այդ հարցը ճեպազրույցների ժամանակ և պատասխանում հարցերին։ Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելուն։
Հիշեցնեմ, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և՛ 2020-ին, և՛ 2023-ին։ Ակնհայտ է, որ եռակողմ համաձայնագրերն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը, դրանք շարունակում են կազմել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի «ճանապարհային քարտեզը»։ Եվ մենք պատրաստ ենք շարունակելու մեր գործընկերներին տրամադրել այն օգնությունը, որը նրանց անհրաժեշտ է՝ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների շահերից բխող փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու համար»,- հայտարարել է Զախարովան։
