ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ
այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական
միջոցառմանը:
Ժամանակի բոլոր պահանջներին համահունչ նոր դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոցի
կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակում: Մինչև 100 սովորող
հզորությամբ կառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա
մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով,
ջեռուցվում է արևային կայաններով: Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան: Նորակառույց
դպրոցը շահագործման է հանձնվել այս ուսումնական տարում. երկար տարիներ Լուսակնում դասերը
կազմակերպվել են անմխիրթար շենքային պայմաններում:
Ամանորի բարձր տրամադրությունն այստեղ կրկնակի է, քանի որ երեխաները նաև նոր միջավայրում
սովորելու տոնն են նշում: Դպրոցում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ Ամանորի խորհրդի և
ավանդական ծիսակարգերի ու սովորույթների մասին։
Այցին մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ
Արաքսիա Սվաջյանը, Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Հասմիկ Ավագյանը և Ալֆրեդ
Քոչարյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ԲԿԳ կոմիտեի նախագահ Սարգիս
Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։ Բարձրաստիճան հյուրերը շրջել են
դպրոցում, ծանոթացել ուսումնական պայմաններին, շնորհավորել երեխաներին և մանկավարժներին`
գալիք տոների և նոր դպրոց ունենալու առիթով:
«Դպրոցի այս պայմանները ստեղծվել են ձեզ համար՝ ապահովելու լավագույն կրթություն ստանալու
բոլոր հնարավորությունները։ Ներկայում շուրջ 200 հաստատություններում կատարվում են
դպրոցաշինության մեծ ծավալի աշխատանքներ, որոնք լինելու են շարունակական: Կառավարության
առաջնային նպատակը բոլոր երեխաների համար կրթության լավագույն պայմանների ապահովումն է:
Մեզ համար կարևոր է նաև լսել ձեզ, որպեսզի լավարկենք մեր հետագա աշխատանքը և միասին առաջ
գնանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ այս ձևաչափով այցեր են լինելու նաև այլ
դպրոցներ:
Նախարարը երեխաների հետ զրույցում ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության գործունեության
հիմնական ուղղությունները` ըստ համակարգման ոլորտների:
ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի բոլոր 36 աշակերտներին հանձնվել են ամանորյա նվերներ,
այդ թվում՝ գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ և այլն։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին՝
համատեղ աշխատանքի և շարունակական համագործակցության համար։
