Գրավե Գրուպի և Ցե-Կվադրատ Ներդրումային խմբի կողմից ԼԻԳԱ Ինշուրանս-ի 100% բաժնետոմսերի ձեռքբերումը

ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի հունվարի 30-ին հաստատել է «ԼԻԳԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» ապահովագրական
ընկերության բաժնետոմսերի ձեռքբերումը Գրավե Գրուպի (GRAWE Group) և Ցե-Կվադրատ Ներդրումային Խմբի
(C-Quadrat Investment Group) կողմից:
Այս գործարքը մեծ հնարավորություն է ստեղծում ապահովագրական ոլորտում որակական առաջընթացի համար՝
սահմանելով նոր ուղենիշեր կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, անդերրայթինգի և վնասների
կարգավորման ուղղություններով, ինչպես նաև ձևավորելով կյանքի ապահովագրության ներդրման ու զարգացման
կարևոր նախապայմաններ Հայաստանում։
Հեղինակավոր միջազգային ներդրողների մուտքն ապահովագրական շուկա վկայում է Հայաստանի ֆինանսական
համակարգի նկատմամբ բարձր վստահության, շուկայի հասունության և հեռանկարային լինելու մասին։
Միաժամանակ, սա ներդրումային գրավչության հզոր ազդակ է՝ խթանելով երկարաժամկետ ներդրումների աճը,
ձեռնարկատիրական ակտիվությունը և կապիտալի շուկայի ու ինստիտուցիոնալ ֆինանսական հոսքերի զարգացումը։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱՎԵ Գրուպ (GRAWE Group (GRAWE)
Հիմնադրվել է Ավստրիայում 1828 թվականին: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահին և
ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է: Ընկերությունն ունի միջազգային կողմնորոշում, գործում է
14 երկրում, խմբի կազմի մեջ են մտնում Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում 20 դուստր
ապահովագրական ընկերություններ, 3 բանկ և անշարժ գույքի ոլորտի ընկերություններ:
Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբ (CQ)
1991 թվականին Վիեննայում հիմնադրված Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը ժամանակի ընթացքում ձևավորվել
է որպես միջազգային ներդրումային խումբ, որը վստահություն է վայելում համաշխարհային առաջատար
ֆինանսական հաստատությունների և մասնավոր ներդրողների շրջանում, այդ թվում՝ ավելի քան 80
ապահովագրական ընկերությունների։ Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը միավորում է ակտիվների կառավարիչ
հանդիսացող ինը անկախ ընկերություններ՝ գլխամասային գրասենյակներով Վիեննայում և Լոնդոնում, ինչպես նաև
21 երկրում ռազմավարական ներկայությամբ։ Խմբի անդամ Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա
ընկերությունն արդեն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանում՝ կառավարելով կենսաթոշակային
համակարգի շուրջ 450 000 մասնակիցների կենսաթոշակային ակտիվները։
ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ
Հիմնադրվել է 2008 թվականի մայիսին։ Ներկայացված է Հանրապետության բոլոր մարզերում՝ հանդիսանալով
Հայաստանի ամենամեծ ապահովագրական ընկերությունը։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշով շուկայի առաջատարն
է՝ 7.6 միլիարդ դրամ (20 մլն ԱՄՆ դոլար):

Spread the love