Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցել որդուն
զինվորական գրքույկի կամ զինվորական հաշվառման վերաբերյալ տեղեկանքի
տրամադրման և անձնագրավորման հարցում։
Մասնավորապես, անձը տեղեկացրել է, որ որդին 2025 թվականի ձմեռային զորակոչի
ընթացքում առողջական խնդիրների պատճառով, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական
ծառայության համար։ Միևնույն ժամանակ հայտնել է, որ որդուն արտերկրում հրատապ
վիրահատական միջամտություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, առկա է
նաև համապատասխան բժշկական ցուցում։
Քաղաքացու հավաստմամբ՝ որդին դեռևս չի ստացել զինվորական գրքույկ, իսկ
տարածքային զինվորական կոմիսարիատը հրաժարվել է տրամադրել զինվորական
հաշվառման վերաբերյալ տեղեկանք: Ստեղծված իրավիճակի հետևանքով որդին չի
կարողանում անձնագրավորվել և անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով
մեկնել արտերկիր։
Բարձրացված հարցը հրատապության կարգով քննարկվել է Պաշտպանության
նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ։ Արդյունքում՝ ձեռնարկվել են
անհրաժեշտ քայլեր խնդրի արագ կարգավորման ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության
նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացին ստացել
է պահանջվող տեղեկանքը։
Հետագայում քաղաքացին տեղեկացրել է, որ որդին անձնագրավորվել է և ստացել
անհրաժեշտ բուժօգնությունը։
Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են զորակոչի ընթացքում
անձանց իրավունքների պաշտպանության հարցերը, այդ թվում՝ առողջության իրավունքի
լիարժեք իրացումը։
