Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի
համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու
իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր
հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների պաշտպանության հարցերին, ատելության խոսքի և կրոնական ազատությունների ապահովման
խնդիրներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։
Պաշտպանը նաև ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովման,
ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի
կանխարգելման ոլորտներում առկա մարտահրավերները։ Քննարկվել են նաև կալանքի կիրառման պրակտիկային,
իրավահավասարության և հակախտրականության ապահովման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության
ոլորտներին վերաբերող խնդիրներ։
Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է կրթական բարեփոխումների իրականացումը՝ բռնությունն ու
անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից։
Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված
աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման
նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը
մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին
