Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և համերաշխություն. Անահիտ Մանասյանի ուղերձը Դաունի համախտանիշով  անձանց համաշխարհային օրվա առթիվ

«Մարտի 21-ը՝ «արևների» համաշխարհային օրը, կարևոր առիթ է ևս մեկ անգամ
ընդգծելու, որ մարդու արժանապատվության հարգումը, հավասարության երաշխավորումը
և ներառական հասարակության ձևավորումը իրավական պետության հիմքն են։
Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց
երազանքներով ու ներուժով։
Այս համատեքստում պետության պարտավորությունն է` ապահովելու նրանցից
յուրաքանչյուրի համար իրական հնարավորություններ՝ կյանքի բոլոր ոլորտներում
արդյունավետ մասնակցության համար, ինչպես նաև երաշխավորելու նրանց անկախ
ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։
Բոլորս պետք է հիշենք, որ ներառականությունը սկսվում է մեր վերաբերմունքից և
արտահայտվում մեր գործողություններում։
Այս համատեքստում հատկապես արժևորում եմ այն բոլոր դերակատարների
անգնահատելի աշխատանքը, ում նվիրվածությունն ու ջանքերը նպաստում են «արևների»
լիարժեք ներառմանը և ինքնադրսևորմանը։
Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և խթանելու մարդու
իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերը և ձևավորելու
հանդուրժող ու պատասխանատու միջավայր։

Թող այս օրը լինի ևս մեկ հնարավորություն՝ տարածելու հարգանք, սեր և
համերաշխություն»։

Spread the love