Ավարտվեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությունը Փարիզում «Մեծ
յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը կարևոր հանգրվան էր Հայաստանի
միջազգային բնապահպանական ներգրավվածության խորացման տեսանկյունից։
Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող
վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական
օրակարգում։
G7-ը համախմբում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների առանցքային
դերակատարներին, և այս հարթակում մեր մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու
Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների
ձևավորմանը։
Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը
հանդիսանում է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի
առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝
ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և
ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական
մարտահրավերների հաղթահարմանը։
Հանդիպումների ընթացքում նախարար Մաթևոսյանը վերահաստատել է Հայաստանի
պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև
ներկայացրել մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի
արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության
ուժեղացման համատեքստում։
Այս հանդիպման շրջանակում ձևավորված համագործակցությունները և ձեռք բերված
պայմանավորվածությունները էական ներդրում կունենան ինչպես COP17-ի հաջող կազմակերպման,
այնպես էլ դրա արդյունքների երկարաժամկետ ազդեցության ապահովման գործում։
