Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է՝
Եթե հիշում եք, Արցախյան վերջին պատերազմից հետո մեր մարզի Պռոշյան բնակավայրում «Հերոսների վերականգնողական քաղաքը» նախագծի շրջանակներում մեկնարկել էր հոգեբանական կենտրոնի կառուցման աշխատանքները. կենտրոնը կրում է ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը:
Դեռ այն ժամանակ վերականգնողական քաղաքի շինհրապարակ կատարած այցիս ընթացքում նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը հաստատակամորեն նշել էր, որ ինչ գնով էլ լինի, նախագիծն իրականություն է դառնալու, և պատերազմի հետևանքով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մեր հերոսները հնարավորություն են ստանալու անվճար բուժում ստանալ այստեղ:
Եվ ահա, կրկին Պռոշյանում էի, որտեղ արդեն հոգեբանական կենտրոնը կառուցված էր ու տարածքում ակտիվ շինարարական եռուզեռ էր. կառուցվում էր նաև հացատուն, որը հերոսների ու նրանց ընտանիքի անդամների համար անվճար սնվելու և աշխատանք ունենալու համար է, ինչպես նաև կառուցվում էր 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անունը կրող պուրակ:Ավելին, վերականգնողական կենտրոնն արդեն գործում է. այնտեղ են հաճախում պատերազմի հետևանքով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող հերոսներ. կենտրոնն ունի ամսական 100-150 զինվորի բուժման հնարավորություն:
Սուրենը պատմեց աշխատանքների մասին, ներկայացրեց թերապիաների համար վերանորոգված ու կահավորված սենյակները. մասնագետներն էլ խոսեցին նորագույն 3D սարքերով և նորարարական ծրագրերով իրականացվող բուժումների մասին, ինչն աննախադեպ էր և տպավորիչ:
Սուրենի կողմից ստացա նաև շնորհակալագիր և խորհրդանշական նվեր՝ Աստվածաշունչ:
Եվս մեկ անգամ մեծագույն ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒՅՈՒՆ Սուրեն Արեենցին ու նրա թիմին՝ այս կարևոր և անհրաժեշտ նախագիծը կյանքի կոչելու համար:
Մենք պարտավոր ենք սատարել նման նախագծերի լիարժեք իրագործմանը:
Կազմեց՝Կարինե Սարգսյանը