ՀՀ տարածքային կյառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի EU4ASEP ծրագրի ներքո՝ «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին։
ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքում նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ուրախությամբ արձանագրել, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով համայնքների ներգրավվածությունը մեծանում է։
Նախարարն ընդգծել է, որ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ջանքերով արդեն իրականություն են դարձել երեք համայնքներում արևային կայանների հիմնումը, որոնք ներկայացնում են զուգահեռ ռեժիմով ցանցի հետ աշխատող կայաններ Ապարանում, ինչպես նաև լիցենզավորված ցանցային կայան Արթիկում։
«Մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ զարգացման ռազմավարությունը խիստ կարևորում է արևային էներգետիկայի զարգացումը մեր երկրում։ Ուրախ եմ արձանագրել, որ մեր համայնքներն այս կարևոր ոլորտի մաս են կազմում։ Ոլորտի սակագնային և կարգավորող դաշտը արևային էներգիայի զարգացման համար մի շարք հնարավորություններ է ստեղծել, որից մեծապես օգտվում են մասնավոր ընկերությունները։
2021 թվականին հատուկ լիցենզիաների 15 ՄՎտ-ի պատուհանի գործարկումը հնարավորություն է ստեղծել համայնքների համար օգտվելու այս խթաններից՝ ի նպաստ համայնքների տնտեսական զարգացման, լրացուցիչ բյուջետային միջոցների ստացման, աշխատատեղերի ստեղծման և հետճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար»,-ասել է նախարարը և հավելել, որ տեղական արևային էներգիայի բաշխված արտադրությունը կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։