ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պաշտոնական էլեկտրոնային կայքը տեղեկացնում է՝
Իր գոյության շուրջ երեք տասնամյակի ընթացքում ՀՀ պետական կառավարման ակադեմիան բազմաթիվ կադրեր է թողարկել, որոնք այսօր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում պետական տարբեր կառույցներում և համայնքային մարմիններում: Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանի քաղաքապետի պաշտոնում է նշանակվել Ակադեմիայի շրջանավարտ Հրաչյա Սարգսյանը:
Ապրիլի 27-ին Ակադեմիայի աշխատակիցներն ու ուսանողները հյուրընկալեցին Հրաչյա Սարգսյանին: Ներկայացնելով հյուրին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հույս հայտնեց, որ այսօրվա ուսանողների շրջանում նույնպես կգտնվեն մարդիկ, որոնք տարիներ անց որպես պետական պաշտոնյա կհյուրընկալվեն Ակադեմիայում:
Եթե ակադեմիականների համար այդ հանդիպումը Երևանի խնդիրները քաղաքային իշխանության առաջին դեմքի հետ քննարկելու հնարավորություն էր, ապա Հրաչյա Սարգսյանի համար՝ հարազատ դեմքեր տեսնելու առիթ էր, ինչը, քաղաքապետի խոսքով, լավագույն հուշեր արթնացրեց ուսանողական տարիների մասին: Հանդիպման առիթն օգտագործելով՝ Հրաչյա Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց Ակադեմիայի աշխատակիցներին, պրոֆեսորադասախոսական կազմին, հատկապես Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանին՝ նրանց տված գիտելիքների և հմտությունների համար, որոնք այսօր գործնականում կիրառելու հնարավորություն ունի:«Եթե այդ ճանապարհն անցած չլինեի, միգուցե այսօր չլինեի այնտեղ, որտեղ եմ»,- ասաց Ակադեմիայի շրջանավարտը:
Խոսելով մայրաքաղաքի խնդիրների մասին՝ քաղաքապետը խոստովանեց, որ դրանք բազմաթիվ են, և գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտություն կա: Եվ եթե դրանք սպասված արագությամբ չեն կատարվում, պատճառներից մեկն էլ որակյալ կադրերի պակասն է:
Հ.Գ. Ակադեմիայի շրջանավարտները մշտապես հպարտ են , որ ուսանել են մի կրթօջախում , որտեղ դասավանդել են այնպիսի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ինչպիսիք այսօր կրկին շարունակում են ակադեմիայի հենքն ամուր պահել, սակայն առանձնահատուկ երախտիքի և շնորհակալության խոսքերը միշտ բաժին են ընկնում քաղաքագետ, վաստակաշատ դասախոս, մեծահոգի տիկին Մարգարյանին , ով կրթել ու դաստիարակել է ակադեմիայի սերունդներին և իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել բոլոր ժամանակների ուսանողներին:
Կարինե Սարգսյան