Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստանում կոնյակի արտադրության սպասվող կրճատումից. հնարավորություններն ու ռիսկերը

Օրերս «Սոյուզկոնյակի» նախագահ Դմիտրի Չերնեւը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են խնդիրներ ի հայտ գալ՝ կապված կոնյակի արտադրության հետ, քանի որ արդեն ներկրվող դիստիլյատի դեֆիցիտ է նկատվում: Այդ արտադրանքը հիմնականում ներմուծվում է Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Հայաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից: Եվրոպայից այժմ դադարեցվել է ներկրումը:

Նա հավելել էր, որ եթե մինչեւ ամառ պակասող դիստիլյատը հարեւան երկրներից մատակարարումներով փոխհատուցել հնարավոր չլինի, ապա Ռուսաստանում կոնյակի արտադրությունը կարող է կրճատվել 30 տոկոսով։

Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հայ արտադրողները ներքին ռեսուրսների միջոցով կարողանում են զգալիորեն ավելացնել արտադրության եւ մատակարարման ծավալները։

«Կարող ենք կրկնապատկել կամ եռապատկել կոնյակի եւ գինու պաշարները։ Մենք կարող ենք գինու արտահանումը 5 միլիոն շշից հասցնել 10-12 միլիոն շշի, իսկ կոնյակինը՝ 60-70 միլիոն շշից մինչեւ 100-120 միլիոն շիշ»,- ասել է նա։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին կոնյակի արտադրության ծավալը 122.7 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 46.7 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 229.7 մլն դոլար (49 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը եւ Ուկրաինան։ Արտահանման մյուս ուղղություններն են Գերմանիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Իրաքը, Ղազախստանը, Չինաստանը, Վրաստանը եւ այլն

Խաղողի գինիների արտադրության ծավալը 14.5 մլրդ դրամ է կազմել, ծավալը՝ 13.1 մլն լիտր։ Արտահանումը կազմել է 11.5 մլն դոլար (3 մլն լիտր)։ Արտահանման հիմնական ուղղություններն ենՌուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Բելգիան, Գերմանիան։ Արտահանման այլ ուղղություններ են Իսրայելը, Իտալիան, Կանադան, Ղազախստանը, Մեծ Բրիտանիան եւ այլն:

Խոշոր արտադրողները լքել են ռուսական շուկան, որտեղ, ըստ փորձագետի, 500 միլիոն շիշ ալկոհոլային արտադրանքի պակաս կա։ Ռուսաստանը դա կփոխհատուցի մասամբ ներքին ռեսուրսների մոբիլիզացման, մասամբ ներմուծման ավելացման հաշվին, ինչն այսօրվա պայմաններում ամենանպատակահարմարը կլիներ անել ԵԱՏՄ երկրներից մատակարարումների միջոցով։

«Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը, նախապես դուրս գալով ԵԱՏՄ-ում գինու շուկայի կարգավորման շրջանակներից, վաղուց արդեն դիվերսիֆիկացրել է ալկոհոլային մթերքների ներկրման շուկան՝ պատրաստվելով այսօրվա սցենարներին»,- հավելել է Հարությունյանը։

Նա կարծում է, որ փորձեր են արվելու նաեւ տարանցիկ ճանապարհով ալկոհոլ ներմուծել Հայաստանով, Ադրբեջանով, Վրաստանով եւ այլ երկրներով, եւ եթե ծավալները կտրուկ ավելանան, ապա դա պատժամիջոցների շրջանցում կնշանակի, ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։

«Կա նաեւ մեկ այլ խնդիր, որը կապված է վճարումների հետ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի տատանումների ֆոնին: Դա վերաբերում է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարներին։ Բանն այն է, որ ռուբլու փոխարժեքը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կուրս է, այսինքն՝ փոխարժեքն արհեստականորեն է պահվում որոշակի մակարդակի վրա։ Դա Հայաստանի համար ապագայի վերաբերյալ անորոշություն եւ անհանգստություն է ծնում, քանի որ բոլոր գործարքները կնքվել են արտահանվող ապրանքների վճարման ակնկալիքով 2-3 ամսվա ընթացքում։ Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ռուբլու փոխարժեքի հետ 2-3 ամսից։ Դա պատասխան է ռուսական շուկայում ստեղծված անհեթեթ իրավիճակին, որտեղ լուրջ դեֆիցիտը մատակարարումների ավելացմամբ չի փոխհատուցվում»,- ընդգծել է փորձագետը։

Spread the love