Օրենսդրական նախաձեռնություններով կբարելավվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու կապակցությամբ անցկացվող մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Առաջարկվում է լիազորել Կառավարությանը սահմանելու մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը:

Փոփոխություններով կկարգավորվի երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը: Կհստակեցվեն ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում: Կսահմանվի մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար:

Հեղինակի հավաստմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային տրանսպորտի մատչելիությունը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Առանց մատչելի տրանսպորտային միջոցների՝ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող իրենց լիարժեք մասնակցությունն ունենալ հասարակական կյանքում:

Կառավարության դիրքորոշումը դրական էր: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առաջարկել է երկարաձգել օրենքի ուժի մեջ մտնելը, քանի որ տրանսպորտային միջոցներն ու ավտոկայարանները պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, կարեւոր համարելով նախագծի ընդունումը, նշել է, որ այն դրական լուծում կտա նաեւ մարզերի ու համայնքների հաշմանդամություն ունեցող անձանց առկա խնդիրներին:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի հստակեցմամբ:

Պատգամավորը նշել է, որ Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը, այդ թվում` հաշմանդամության հիմքով, մյուս կողմից օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է, որ մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը: Նույն հոդվածը սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու եւ հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն օրենսգրքի 15-րդ գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:

Հեղինակն առաջարկում է Աշխատանքային օրենսգիրքը hամապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի եւ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին եւ բառապաշարին, ինչպես նաեւ սահմանել մատչելի աշխատատեղ եւ խելամիտ հարմարեցումներ ապահովելու իրավական հիմքեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ Կառավարության ներկայացրած առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից, եւ համագործակցության արդյունքում օրինագիծը բարեփոխվել է:

Հարցերը քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 31-ի արտահերթ նիստում:

Spread the love