Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը

Կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ նիստում ներկայացնելով՝ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, իսկ ՍԴ դատավորների դեպքում՝ դրույքաչափի 80 տոկոսի չափով վերանայում՝ հավելավճարի տեսքով: Գրիգոր Մինասյանի խոսքով՝ փոփոխությունները բխում են ՀՀ դատաիրավական ռազմավարության տրամաբանությունից:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանին հետաքրքրել է, թե ինչու գործակիցների փոփոխման փոխարեն, ընտրվել է հավելավճարի ճանապարհը: Ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ դրույքաչափը փոխելու պարագայում պետք էր անդրադառնալ դրույքաչափերի ամբողջ շղթային: Այդ դեպքում Վճռաբեկ եւ ՍԴ դատավորների աշխատավարձերի դրույքաչափը կհավասարեցվեր ավելի բարձր կարգավիճակ ունեցող պետական պաշտոնյաների աշխատավարձերի դրուքաչափին: Հաջորդ խնդիրն  այն է, որ ՍԴ դատավորները, իրականացնելով նույն լիազորությունը, կրելով նույն պատասխանատվությունը, ստանում են տարբեր աշխատավարձեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ Սահմանադրական դատարանի՝ դատական համակարգից եկող որոշ դատավորներ, տարին երկու տոկոս կուտակելով, ստանում էին հավելավճարներ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ այս փոփոխությամբ ՍԴ 9 դատավորները կվարձատրվեն հավասարաչափ:Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Վահագն Հովակիմյանն անդրադարձել է նախաձեռնության ընդունման քաղաքական բաղադրիչին՝ նշելով, որ այս փոփոխությունն իրենց նախընտրական ծրագրերի՝ դատական համակարգի բարեփոխումներին վերաբերող քայլերից մեկն է: Նրա համոզմամբ՝ արդարադատության մակարդակի բարձրացման տեսանկյունից եւս դատավորների աշխատավարձերը պետք է լինեն արժանապատիվ, եւ սա դատավորների աշխատավարձերի ընդհանուր բարձրացման գործընթացի սկիզբն է:

Հարցն օրվա ընթացքում քննարկվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ընդունվել:

Spread the love