Հայկական դրամի ամրապնդման ամեն մի տոկոսային կետը կարող է նպաստել մոտ 700 մլն դրամի ապահովմանը արտաքին պարտքի սպասարկման գծով։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, հունիսի 13-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչպես կարող է ազգային արժույթի ամրապնդումն անդրադառնալ երկրի արտաքին պարտքի սպասարկման վրա։
Նրա խոսքով՝ 2021թ. արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է մոտ 72,3 մլրդ դրամ։ Այս թիվն ի հաշիվ պետական պարտքի ծավալի ավելացման չի փոխվի, որովհետեւ 2021թ. արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցները կազմել են մոտ 200 մլրդ դրամ։ «Այսինքն՝ ընթացիկ տարեսկզբի համար այդ թիվն արդեն կար։ Այսպիսով, եթե մենք գնահատենք դրամի փոխարժեքի տատանումը մեկ տոկոսային կետով, դա կնշանակի փոփոխություն 700 մլն դրամի մակարդակով»,- պարզաբանել է նախարարը։
Նա հրաժարվել է կոնկրետ գումար նշել, որը պետությունը կկկարողանա խնայել։ Խաչատրյանը միայն նշել է, որ շատ բան կախված կլինի ինչպես փոխարժեքի համար նախապես վերցված հաշվարկից, այնպես էլ տարեվերջին դրամի փոխարժեքի միջին հաշվարկված փոխարժեքից։