Տաթեւ-Կապան ճանապարհի հատվածները վնասվել են այն պատճառով, որ դրանք կառուցվել են մեկ տարի առաջ՝ առանց ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունն ընդհատելու։ Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Այդ ճանապարհին, ըստ նրա, բավականին բարդ ռելիեֆ եւ կավե շերտերից բաղկացած հող է:
«Ճանապարհի այդ երեք հատվածներից մեկում երեքի փոխարեն երկու շերտ ասֆալտ է փռվել, իսկ այդպիսի հաստությունը բեռնատարների համար նախատեսված չէ։ Մյուս հատվածներում ասֆալտը փռվել է տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների երթեւեկությանը զուգահեռ։ Այդ իսկ պատճառով այդ տարածքներում ամենուր ասֆալտի երրորդ շերտ չի փռվել, եւ կապալառուները, համապատասխանաբար, դրա դիմաց չեն վճարվել»,- պարզաբանեց գերատեսչության ղեկավարը:
Այժմ, ինչպես նշեց նախարարը, երկու կապալառուները վերացնում են առկա բոլոր թերությունները։
«Մի շարք հատվածներում երկու մետր խորությամբ կավե շերտ պետք է փորվի, եւ կապալառուներն արդեն սկսել են այդ աշխատանքը»,- հավելեց Սանոսյանը։
Նա նաեւ հաստատեց, որ նախորդ օրը մի քանի ժամով փակվել է Տաթեւ-Կապան ճանապարհը։ Դա, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ դրանով ճանապարհային աշխատանքների համար նախատեսված խողովակներ էին տեղափոխվում:
Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածի վերանորոգմանը զուգահեռ շարունակվում է Տաթեւ գյուղից Լծեն գյուղ տանող հիմնական ճանապարհի կառուցումը, որը Կապանը դեպի Երեւան տանող մայրուղու հետ կապող եւս մի այլընտրանքային երթուղի կդառնա։