
Փաստենք, որ Արտյոմ Ղուկասյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Գյումրու քաղաքապետարանում, եղել է նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման տնօրենի տեղակալը։
Որո՞նք են լինելու ընտրվելու դեպքում պարոն Ղուկասյանի անելիքները, ինչո՞ւ որոշեց առաջադրվել, ի՞նչ է նրա համար քաղաքապետի պաշտոնը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք անձամբ ՀՀԿ թեկնածու Արտյոմ Ղուկասյանի հետ, ով նախ անդրադառձավ առաջադրման փաստին նկատելով.
-Եթե ՀՀԿ-ի նման կայացած, ճանապարհ անցած կուսակցությունը չմասնակցեր, էլ ով պետք է մասնակցեր: ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը մեծ ներդրում ունի Գյումրիում եւ այսօր պարտավոր էինք մեր թիմով մասնակցել ընտրություններին:
-Պարոն Ղուկասյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ի զարմանս մեզ, դեռեւս որոշակի պասիվություն է նկատվում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ընտրություններին ցածր մասնակցություն կլինի: Թե ինչ ակնկալիքներ ունենք, կդժվարանամ ասել, սպասենք, կտեսնենք:
-Ասո՞ւմ են, որ իշխանականները սկսել են վարչական ռեսուրս կիրառել:
-Այո, մենք փաստեր էլ ունենք, ընտրություններից հետո հանդես կգանք հայտարարությամբ:
-Ո՞ր ուժերի հետ եք պատրաստ համագործակցել:
-Կարող եմ ասել, թե որ ուժի հետ ենք բացառում համագործակցությունը, դա «Քաղաքացիական պայմանագիրն է»: Իսկ, թե, որ ուժերի հետ կհամագործակցենք` ցույց կտա ընտրությունների արդյունքները: Ասեմ, որ դաշտում հայտնվել են ուժեր, որոնք ՔՊ-ի արբանյակներն են, բնականաբար, նրանց հետ եւս համագործակցությունը բացառված է մեր կողմից:
-Ի՞նչ կոչով կդիմեք գյումրեցիներին:
-Կոչ եմ անում գյումրեցիներիս քվեարկել իրենց խղճի մտոք: Ես գյումրեցիներին կարող եմ խոստանալ, որ իմ հեռախոսը հասանելի է լինելու միշտ ցանկացած քաղաքացու համար, կարեկից եմ լինելու ցանկացածի խնդրին:
-Հավատո՞ւմ եք արդար ընտրություններին:
-Տեսնելով, թե ինչ վարչական ռեսուրս է կիրառվում` դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները: Բայց մենք հատ առ հատ գնալու ենք ամեն քվերաթերթիկի հետեւից, թող ոչ ոքին չթվա, որ աչք կփակենք որեւիցէ մի , թեկուզ աննշան խախտման վրա:
-Ի՞նչ է Ձեզ համար քաղաքապետի պաշտոնը:
-Ծառայություն:
Զրույցը` ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ