Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միավոր։
Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների հավաքականին եւ նույնպես վաստակեց 19 միավոր։ Ուզբեկստանի թիմի առաջատարն արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է։
Երրորդ տեղեը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։
Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։ Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի հետ։