«Սուրմալու»-ում քննչական գործողություններն ավարտվել են, ԱԻՆ-ն էլ այսօրվանից հերթապահություն չի իրականացնում. Կոստանյան

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, քննչական գործողությունների ավարտով պայմանավորված, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից արդեն տարածքում հերթապահություն չի իրականացնում։

Հիշեցնենք, որ  առեւտրի կենտրոնում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, եւս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ Օգոստոսի 24–ից, շտաբի որոշմամբ, դադարեցվել էին որոնողական աշխատանքները, անհետ կորած քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները հայտնաբերվել չէր հաջողվել։ 

Ոստիկաններն ու ԱԻՆ–ը,  սակայն, շարունակում էին հերթապահություն իրականացնել պայթյունի վայրում,  շենքի տարածք մուտքն արգելված է։

Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարար ությունն իրենից պահանջվող  գործառույթներն ավարտել է շենքի տարածքում։ Թեեւ ԱԻՆ–ը փլատակները մաքրել է,  սակայն, պայթած շենքի տարածքում աղբի մաքրումը, ըստ Հայկ Կոստանյանի՝ նախարարության տիրույթում չէ, դրա մաքրմամբ պետք է զբաղվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրինությունը։

Շենքի ապամոնտաժումը եւս առեւտրի կենտրոնի տնօրինության իրավասությունների տիրույթում է, ԱԻՆ–ն այդ հարցում միայն խորհրդատվություն կարող է տալ։ Հայկ Կոստանյանը բացառել է, որ տարածքի մաքրման ժամանակ հնարավոր է գտնվեն անհետ կորած քաղաքացու մասունքները։

Spread the love