Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք. Ռուբեն Վարդանյան

Տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտը հայերի համար ստեղծում է նոր հնարավորություններ ու քանդում է բոլոր սահմանները: Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին իր ելույթում նշեց FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը:Ճգնաժամին դեմ հանդիման շարունակեք անել այն, ինչ անում եք

«Այսօր մենք մի իրավիճակում ենք, որը ոչ ոք չէր կարող երեւակայել, եւ չգիտենք՝ ինչ կարող է լինել վաղը մեզ հետ, մեր երկրի հետ: Հատկապես Հայաստանում պետք է մտածենք ոչ թե նրա մասին, թե ինչպես արձագանքենք համաշխարհային ճգնաժամին, այլ մենք ունենք նաեւ հատուկ, առանձին պատասխանատվություն այն մարդկանց առջեւ, որոնք իրենց կյանքը տվեցին վերջին պատերազմում:

Տաղանդավոր երիտասարդ մի սերունդ, նրանցից 4000-ն այլեւս չեն տեսնելու արհեստական բանականությունը, չեն տեսնելու իրենց երեխաներին, չեն տեսնելու, թե ինչպես է երկիրը դառնում ավելի լավը ու բարեկեցիկ: Մենք պատասխանատու ենք նրանց առջեւ՝ ոչ միայն հիշելու ու հարգելու համար, այլեւ կյանքն ավելի լավը դարձնելու համար: Նրանց համար, ովքեր չեն տեսնելու դա, նրանց ընտանիքների համար», – ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը խոսեց Սարդարապատի մասին. երբ ճգնաժամը հասել էր մեր դռանը, հայ ժողովուրդը համախմբվելով կարողացավ կանգնեցնել թշնամուն:

Հիմա ճգնաժամը կրկին թակում է մեր դուռը, եւ մենք պետք է արձագանքենք: Այն ժամանակ, ինչպես նշեց Վարդանյանը, Հայաստանում ապրող 150 հազարից 35 հազարն արձագանքեցին ճգնաժամին, չնայած սովորաբար նման դեպքերում միայն 3-5 տոկոսն է արձագանքում:

«Ի՞նչ կարող ենք անել: Մենք ունենք ընտանիք, ունենք կյանք, հարցեր, որոնք պետք է լուծենք, ունենք ընտանեկան նպատակներ: Ես պետք է ասեմ՝ շարունակեք անել այն, ինչ անում եք: Մենք պետք է ստեղծենք հզոր համայնքներ: Համայնքները ֆեյսբուքի ընկերները չեն, համայնք՝  նշանակում է մարդիկ, որոնց կարող ենք վստահել, ում հետ կարող ենք ձեռք սեղմելով լուծումներ տալ: Մեր համայնքը ոչ միայն համացանցն է, այլ այն մարդիկ են, որոնց կարող ենք վստահել: Եթե կան մարդիկ, ում կարող եք վստահել, դուք ավելի հանգիստ եք», – ասաց Վարդանյանը:Բավարար չէ լինել ղեկավար, պետք է լինել առաջնորդ. կտրուկ մեծանալու է առաջնորդների պահանջը

Նման բարդ ժամանակներում, Վարդանյանի խոսքով, բավարար չէ լինել ղեկավար, պետք է լինել առաջնորդ, քանի որ կտրուկ մեծանալու է առաջնորդների պահանջը, որոնք կարող են իրենց հետեւից տանել մարդկանց:

Հաջորդ կարեւոր քայլը, ըստ նրա, մարդ մնալն է՝ բոլոր դրական ու բացասական կողմերով:

«Մի դարձեք մարդասպան, որովհետեւ բոլորն սպանում են: Մի դարձեք մարդ, ով պարզապես փորձում է վերցնել սպանվածի ունեցվածքը եւ փախչել պատերազմից, ճգնաժամից: Ես մի քիչ քննադատող եմ, բայց պիտի ասեմ. մի եղեք անտարբեր, անտարբերությունը եւ նպատակ չունեցող մարդը չի կարող վերապրել ճգնաժամի պահերը:

Սիրո հակառակը ատելությունը չէ, անտարբերությունն է: Գեղեցկության հակառակը տգեղությունը չէ, անտարբերությունն է: Հավատի հակառակը անհավատությունը չէ, անտարբերությունն է: Կյանքի հակառակը մահը չէ, անտարբերությունն է: Անտարբեր մի եղեք:

Դժբախտաբար, մենք մի իրավիճակում ենք, երբ վախեցած ենք ու ուզում ենք փախչել այդ վախից, փորձում ենք խուսափել խնդիրներից եւ փորձում ենք այստեղ չխոսել այն բանի մասին, որը տեղի է ունենում մեզնից 120 կմ հեռու սահմանին», – ասաց Վարդանյանը:

«Ուզում եմ խոսքս ավարտել մի խոսքով, որն ինձ ասել է մի մարդ Արցախում, որը երկու անգամ փախստական էր դարձել: Առաջին անգամ փախել էր Բաքվից, երկրորդ անգամ կորցրել էր իր տունն ու բիզնեսները Հադրութում: Հիմա նորից վերականգնում է իր կյանքը Արցախի մեկ այլ վայրում: Նա ասաց՝ պատիվ է մեռնել սեփական հողի համար, բայց ավելի մեծ պատիվ է ապրել այս հողի վրա», – նշեց Վարդանյանը:

Նշենք, որ Երևանում, հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2022»-ը` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա առանցքային միջոցառումը։

NEWS.am-ը հանդիսանում է Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի ինֆորմացիոն գործընկերը:

Spread the love