Քննարկվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2023 թ. բյուջետային հատկացումները

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի համար նախատեսվել է 498 մլն 89 հազար 312 դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրի կատարման համար` 125 մլն 248 հազար դրամ: Երկու ծրագրերի համար նախատեսվել է 623 մլն 331 հազար 312 դրամ. այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ներկայացվել են «Քայլ դեպի տուն», «Սփյուռքի երիտասարդ դեսպան», «իԳործ», «ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում» ծրագրերի մանրամասները, որոնք ուղղված են հայապահպանությանը, սփյուռքահայերի ներուժի արդյունավետ իրացմանը, հայկական համայնքների խնդիրների վերհանմանը:Զարեհ Սինանյանի խոսքով «Քայլ դեպի տուն» միջոցառման վերաբերյալ նոր հայտի հաստատման պարագայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի 2023 թ. բյուջետային հայտի գումարը կկազմի 709 մլն 292 հազար 312 դրամ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանձնաժողովին 2023 թ. նախատեսվում է հատկացնել 374 մլն 132 հազար դրամ, 2020 թ. համեմատ 35 մլն աճը պայմանավորված է աշխատավարձի բարձրացմամբ: Կիրականացվի երկու ծրագիր:

Տիգրան Հակոբյանի հավաստմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ուղղված են հանձնաժողովի  տեսալսողական մեդիայի ոլորտի կանոնակարգում ծրագրին, որի նպատակն է հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովումը, տեսալսողական ոլորտի վերահսկումը եւ կարգավորումը, որն էլ ուղղված է վերջնական արդյունքի՝ հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության բարձր մակարդակի, մրցակցային հավասար պայմանների, տեսալսողական ոլորտում օրինախախտումների նվազեցման, հեղինակային իրավունքի պահպանության, ոլորտի համաչափ զարգացման ապահովմանը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը նշել է,  որ 2023 թ. պետական բյուջեի նախագծով Հանրային հեռարձակողի խորհրդի գծով նախատեսվում է հատկացնել 7,676.2 մլն դրամ, որը 41 մլն ավելի է 2021 թ. հատկացված գումարի չափից: Հանրային հեռուստաընկերությանը կհատկացվի 11 մլրդ դրամ:

Հանրային ռադիոընկերությանը նախատեսվում է հատկացնել 956 մլն դրամ:Իրականացվող «Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակում» ծրագրի նպատակն է ապահովել բազմազան տեղեկատվական, ճանաչողական, կրթական, ժամանցային հեռուստատեսային եւ ռադիո հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումը: Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքի եթերում՝ 3030 ժամ, Հանրային ռադիոընկերության առաջին ծրագրերի եթերում՝ 4205 ժամ նոր հաղորդումների, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում 55 բազմազան հաղորդաշարերի պատրաստում եւ հեռարձակում:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի եւ տեղեկատվության ոլորտների 2023 թ. բյուջետային հատկացումները քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Spread the love