Ֆրանսիայի Սենատը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ եւ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքից։
Բանաձեւի օգտին քվեարկել են 296 օրենսդիրներ, դեմ՝ 1-ը։
Բանաձեւը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջեւ շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։
Բանաձեւը ներկայացրել են սենատորներ Բռունո Ռետայոն, Քրիսթիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Քաները, Էրվե Մարսելն ու Ժիլբեր-Լյուկ Դեւինազը։
Այդ առնչությամբ «Ազատություն»-ը գրել է, որ Ֆրանսիայի Արտգործնախարարության ներկայացուցիչ Օլիվիե Բեխտը չի առարկել բանաձեւի ընդունմանը, սակայն նաեւ չի հսատակեցրել՝ արդյո՞ք Կառավարությունը կգնա պատժամիջոցների ճանապարհով. «Աշխարհում որեւէ երկիր ավելին չի անում Հայաստանի աջակցելու համար»։
Պատգամավոր Պատրիկ Կանեն իր ելույթում նշել է. «Հայ ժողովուրդը, որ այդքան տառապանքներ է կրել, պետք է տեսնի, որ բոլոր գերիները վերադառնում են, դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների։ Ադրբեջանը պետք է նաեւ առանց նախապայմանների դուրս գա Հայաստանի տարածքից ու հարգի այդ երկրի ինքնիշխանությունը»:
Պիեր Ուզուլիասն էլ ասել է, թե Ադրբեջանը Հայաստանում կիրառում է նույն մարտավարությունը, ինչ Ռուսաստանը Ուկրաինայում՝ ընդգծելով. «Բացի այդ, Ադրբեջանն օգտվում է ռուս-ուկրաինական պատերազմից՝ փորձելով սահմանները առաջ տանել։ Տհաճ է, որ Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում գազային պայմանագիր է կնքել ու Ադրբեջանին համարել իր գործընկերը։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք մոռանալ մեր բոլոր արժեքներն ու սկզբունքները՝ նավթի եւ գազի դիմաց»:
«Այս առաջարկի նպատակը Հայաստանին իր դժբախտության հետ չթողնելն է։ Ինչպես է պատահում, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը, Ուկրաինայի ինքնիշխանությունը, եւ դատապարտվում է, ենթարկվում է պատժամիջոցների, այնինչ Ադրբեջանի դեպքում՝ ոչինչ, Թուրքիայի դեպքում՝ ոչինչ։ Ամոթ է, ինչ է սա նշանակում, Ուկրաինայի ինքնիշխանությունն ավելի՞ն արժե, քան Հայաստանինը։ Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում նույնկերպ պատերազմական հանցագործություններ են կատարվել Հայաստանում, բայց դրանց ոչինչ չի հետեւել», – ասել է մեկ այլ պատգամավոր Բրյունո Ռետայոն: