Կառավարության նույնանուն օրենսդրական փաթեթներով կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, կկարգավորվեն հարկային ոլորտի որոշակի խնդիրներ

Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը:

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ 2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:

2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր կներկայացնեն վարձու աշխատող համարված այն քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ են ստացել:

2025 թ. հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները:

Փոխնախարարի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած փոփոխությունների հիմքում հարցի վերաբերյալ աշխատանքային մի շարք քննարկումների եւ խորհրդարանական լսումների ժամանակ կատարված բանավոր եւ գրավոր առաջարկություններն են: Հստակեցվել են որոշակի դրույթներ: Համակարգի ներդրման 3-րդ փուլում միայն հայտարարագիր կներկայացնեն նոտարներն ու ՀՀ ռեզիդենտ համարվող բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ դրսից եկամուտներ ստացողները: Անչափաս անձինք ընդհանրապես չեն ներկայացնի հայտարարագիր:

Արման Պողոսյանը նշել է, որ փոփոխությունների արդյունքում ներդրվել է պատասխանատվության նախազգուշացման ինստիտուտ: Նվազեցվել է հայտարարագիր չլրացնելու համար նախատեսված տուգանքի չափը. այն կկազմի 50 հազար դրամ: Իսկ շարունակական խախտում թույլ տվողների տուգանքի չափը 100 հազար դրամ է: Ըստ նրա՝ ծախսերն ու գույքը չեն հայտարարագրվի, միայն եկամուտներն են ենթակա հայտարարագրման: Նոր փոփոխությամբ հաշվետու տարվա մասին հայտարարագիր պետք է ներկայացվի ոչ թե մինչեւ ապրիլի 20-ը, այլ մինչեւ մայիսի 1-ը:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով հայտարարագիր ներկայացնելու համար բոլոր քաղաքացիները պատշաճ կծանուցվեն: «Առանց իրազեկվածության որեւէ մեկը չի ենթարկվի պատասխանատվության»,- ասել է Արման Պողոսյանը:

Պատասխանելով հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի շքեղության հարկի վերաբերյալ հարցին՝ Արման Պողոսյանը նշել է, որ շատ երկրներում է գործում այդ հարկատեսակը, սակայն գործիքակազմի բացակայության պատճառով այն չի կիրառվում մեր երկրում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով հարցի քննարկումներին մասնակցած բոլոր կողմերին, փաստել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել է օրենսդրական հսկայածավալ աշխատանք: Նա ընդգծել է պատասխանատվության չափի նվազեցման կարեւորությունը:

Բաբկեն Թունյանի հավաստմամբ հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից է մարդկային կապիտալի խթանումն ու զարգացումը:

Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ նույնանուն՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որի ընդունումը պայմանավորված է հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ:

Առաջարկվում է սահմանել «ապրանքների էլեկտրոնային առեւտուր» եւ դրան առնչվող «առեւտրի էլեկտրոնային հարթակ» հասկացությունները:

Կսահմանվեն նաեւ ԵՏՄ անդամ պետություններից էլեկտրոնային առեւտրի հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված եւ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների մասով էլեկտրոնային առեւտրի հարթակից ԱԱՀ հաշվարկելու ու վճարելու մասով կարգավորումներ:

Գործող Հարկային օրենսգրքով 2019 թ. հուլիսի 1-ից ձեռնարկատիրական գործունեության առարկա է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե այն օտարվել է ձեռքբերելուց հետո 365 օրվա ընթացքում, իսկ եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր բովանդակությամբ՝ այն է. «Ֆիզիկական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենայի օտարման դեպքում հաշվառումից հանելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ չափով՝ ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից»:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի՝ ավտոմեքենայի օտարման դեպքում գանձվող եկամտային հարկը կփոխարինվի պետական տուրքով՝ այն վերապահելով ՀՀ ոստիկանությանը, ինչը սոցիալական առումով դրական ազդեցություն կունենա եւ կպարզեցնի 365 օրվա ընթացքում ավտոմեքենան օտարելու գործընթացը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական եւ խմբագրական առաջարկություններ, որոնք ընդունվել են:Օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:

Spread the love