2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Կառավարության հեղինակած ««էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի հերթական նիստում:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները եւ սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը:
«Ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է, ժամային հաշվառման անցնելն է»,- նշել է Հակոբ Վարդանյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է որոշ տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ, ըստ որոնց՝ ենթասպառողներին հնարավորություն է տրվում լինել շուկայի մասնակից եւ որակավորված սպառող: Մյուս բովանդակային փոփոխությունը վերաբերել է էլեկտրական մեքենաների լիցքավորիչների համար նախատեսված ծառայության կարգավորումներին:
Հակոբ Վարդանյանի խոսքով թյուրընկալում կա, որ շուկայի զարգացման արդյունքում էլեկտրաէներգիայի էժանացում է լինելու: «Լինելու է արդարացի գնագոյացման մեխանիզմի ներդրում»,-ընդգծել է նա:
«Շուկայի ամենամեծ արդյունքներից մեկը նաեւ ներկրման եւ արտահանման ընթացակարգերի դյուրացումն է եղել, որում առանցքային դերակատարում ունի հաշվեկշռման ծառայությունը: 2022 թ. ընթացքում ՀՀ-ից դեպի Վրաստան եղել է 365 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արտահանում. դա ավելին է, քան նախորդող 10 տարիներին միասին վերցրած: Նախորդ տասը տարիներին՝ 2012-2021 թթ., եղել է 242 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդող ընթացակարգերով բավականին բարդ էր լիցենզավորման գործընթացը»,- պարզաբանել է Հակոբ Վարդանյանը:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ հաշվեկշռման ծառայությունը կարգավորող տնտեսավորող սուբյեկտի գործառույթները բացառիկ իրավունքով վերապահվել են Երեւանի ՋԷԿ-ին, որովհետեւ միայն նա ունի նվազագույն ծախսերով դրանք իրականացնելու հնարավորություններ:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: