Հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը. Ալեքսանդր  Մարկարովի մեկնաբանությունը

Պրահայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական հարցի կարգավորման հիմքում պետք է լինի Ալմա Աթայի հայտնի հռչակագիրը, եւ այստեղ որոշակի երկիմաստություն կա այն տեսանկյունից, որ ոմանք պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Ադրբեջանն արդեն հանդես էր գալիս որպես 1918-1920 թվականների առաջին հանրապետության իրավաժառանգորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարով:

Նրա խոսքով, կային նաեւ վերապահումներ կապված ԼՂԻՄ-ի կարգավիճակի հետ, որ ԼՂԻՄ-ն արդեն հայտարարել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: Այսինքն այստեղ կան բազմաթիվ տարընթերցումներ, որոնք դեռ տեղ են թողնում որոշակի «լուֆտի» համար: 

«Եթե մենք ընդունենք Ադրբեջանի դիրքորոշումը, ապա պարզ է, որ իրենք փորձում են դա աշխարհին ներկայացնել որպես միակ հնարավոր լուծումը ԼՂ հակամարտության համար եւ որպես Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշում, որը հրաժարվում է պայմանագիրը ստորագրել: Դա ադրբեջանական մաքսիմալիստական դիրքորոշումն է, որը հասկանալի է: Եթե դւորս գանք այս մաքսիմալիստական եւ առայժմ ոչ մինչեւ վերջ իրատեսական սցենարից, խոսում ենք այն մասին, որ կա առաջարկ Հայաստանի ղեկավարության կողմից, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է իրար հետ լեզու գտնեն, նրանք պետք է բանակցեն եւ այդ գործընթացի շարունակականությունը պայմանավորված է նրանով, թե ինչի՞ կհանգեցնեն այդ բանակցությունները: Այստեղ չկա հստակություն՝ մենք Արցախը դիտարկում ենք որպես անկախ միավո՞ր, թե՞ դիտարկում ենք Արցախը որպես պոտենցիալ Ադրբեջանի կազմում գտնվող տարածք: Պարզ է, որ Ադրբեջանին հետաքրքրում է տարածքը, ոչ թե այնտեղ ապրող մարդիկ: Այսինքն Ադրբեջանն ուղում է Ղարաբաղն առանց հայերի»,-ասաց քաղաքագետը:

Երկրորդ մոտեցումն, ըստ Մարկարովի, այն է, որ կա բանակցային գործընթաց Արցախի ու Ադրբեջանի միջեւ, որտեղ որոշակի կա նաեւ միջազգային ներգրավվածություն, կամ այն չկա, բայց  կարգավիճակը քննարկվում է այս երկու սուբյեկտների միջեւ: «Ադրբեջանը Հայաստանի առաջարկին պատասխանում է, որ քննարկումը կարող է տեղի ունենալ այն տրամաբանությամբ, որ արցախահայերը Ադրբեջանի քաղաքացիներ են: Դրան արցախահայությունը բնականաբար, պատասխանում է, որ ամեն բան այդքան միանշանակ չէ: 

Եվ վերջապես, երրորդ կողմն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, որը պետք է ավարտվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ, առայժմ չունի վերջնական դիրքորոշում կապված այն սահմանների հետ, որի շրջանակներում Հայաստանը ճանաչում է Ադրբեջանը, այդ թվում նաեւ ոչ միայն Արցախի խնդրի պատճառով, այլեւ չկարգավորված հայ-ադրբեջանական սահմանի պատճառով: 

Առայժմ հասկանալի չէ, թե ինչով կավարտվի այս գործընթացը, վերջնական հստակ կետերը հասկանալի չեն, բայց պարզ է, որ կան թույլ կողմեր հայկական կողմի մոտ, որը պայմանավորված է 2020-ի պատերազմով եւ սուբյեկտայնության նվազեցմամբ»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ 2025-ին ռուս խաղաղապահները լքեն Արցախը, Մարկարովը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների մանդատը ունի որոշակի  ժամակագրական հատվածներ, այսինքն մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ որի խաղաղապահի ուժերը 5 տարով են, մյուս կաղմիոց խաղաղապահի ուժերի մանդատն այնքան էլ հստակ չէ եւ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ մինիմալիզացնի այդ մանդատը եւ նրանց ներգրավվածությունը տարչբեր կոնֆլիկտներում, որոնք ի հայտ են գալիս շփման գծում: Պարզ է, որ Ադրբեջանը մեծ ցանկություն կունենար ազատվել այս խաղաղապահի առաքելությունից ոչ թե 2025-ին, այլ դրանից առաջ, բայց առայժմ կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որտեղ ժամկետ է նշված մինչեւ 2025-ը: 

Եվ Հայաստանից եւ Արցախից հնչել են գաղափարներ, որ կա  ցանկություն, որ խաղաղապահների ժամկետը լինի 10-15 տարի կամ անժամկետ, բայց ինչպես հիշում եք, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը, իսկ դա Ադրբեջանի համար անցանկալի սցենարներից մեկն է: Դրա վրա ազդում է ուկրաինական գործոնը: Շատ անգամ այն, ինչ լինելու է մեր տարածաշրջանում, ազդված է լինելու այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենալու ուկրաինական ճակատում: Եթե մինչեւ 2022-ի փետրվարի 24-ըւ ավելի հավանական է եղել պնդում, որ 5 տարի հետո խաղաղապահի ուժերը կարող են շարունակել իրենց տեղակայվածությունը Լաչինում, 2022-ի մայիսից հետո, երբ փոփոխվեց ուժերի հարաբերակցությունը ռազմական գործողությունների ժամանակ, պատասխանն այդքան միանշանակ չէր: Ռուսաստանն, իհարկե, կուզանա ունենալ սեփական ներկայացվածությունը, բայց խնդիրն այն է, թե արդյոք նրանք կկարողանան պահպանել իրենց զորակազմը Լաչինում: Եթե ոչ, էլի կան տարբեր սցենարներ:  Դրանցից մեկը Ադրբեջանի ուժային սցենարն է, երկրորդը այն է, որ եթե հայկական կողմերը կարողանան պնդել, այստեղ տեղակայվի միջազգային այլ կոնտինգենտ, որը կունենա ավելի հստակ մանդատ: Պարզ է, որ դա Ադրբեջանի համար ցանկալի չէ: Այստեղ կա նաեւ Իրանի գործոնը, որը չի ցանկանում իր սահմանների մոտ ունենալ այլ ռազմական ուժեր»:

Spread the love