Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա:
««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի` հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով` Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնել է առաջարկվող կարգավորումները:
Նրա խոսքով այս պահի դրությամբ արդեն կան ոլորտի խնդիրների վերաբերյալ արձանագրումներ, մասնավորապես, աստիճանների թեքահարթակների բացակայության, զուգարանները լոգարաններից առանձնացված չլինելու, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված: Փոխնախարարի գնահատմամբ Կառավարության որոշումն առիթ է` վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը եւ սահմանելու նոր չափորոշիչներ:
Առաջարկվում է Կառավարության որոշումն ընդունել օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում: «Վերագնահատումներ են իրականացվում, եւ սա բավարար ժամանակահատված է` իրականացնելու առկա կարիքների եւ նոր չափորոշիչների գնահատում, ինչը պետք է արձանագրվի Կառավարության որոշման շրջանակում»,- ասել է Արփինե Սարգսյանը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` այս խնդիրները մինչ այժմ ինչպե՞ս են կարգավորվել եւ որոշ չափորոշիչներ ոչ միայն Կառավարության որոշմամբ, այլ նաեւ օրենքով ամրագրելու կարիք կա՞: Փոխնախարարը պարզաբանել է, որ մինչ 2022 թ. օգոստոսի 4-ն այդ կարգավորումները որոշակիորեն եղել են Կառավարության որոշման մակարդակում, բայց այսօր կարիք կա ավելի ամբողջական դրանք ներկայացնելու եւ հաստատելու Կառավարության համապատասխան որոշմամբ: Նշվել է, որ որոշ արձանագրումների համաձայն` ձերբակալված անձանց պահման վայրերը դեռեւս չեն համապատասխանում ակնկալվող չափանիշներին:
«Ինչ վերաբերում է օրենքի մակարդակով ամրագրմանը, ապա Կառավարության որոշումը կազմակերպատեխնիկական բնույթի հարցեր է կարգավորելու: Օրենքով ամրագրված է, որ կալանավորները, ձերբակալվածները եւ դատապարտյալներն արժանապատիվ կենսապայմանների ապահովման իրավունք ունեն` որպես հիմնական իրավունք: Սա թույլ է տալիս հիմնարար իրավունքից հետո Կառավարության որոշմամբ դետալները նախատեսել»,- ընդգծել է փոխնախարարը:
Զարուհի Բաթոյանը կարեւորել է ոլորտում վերահսկողական մեխանիզմների կիրառումը:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով հատուկ ուշադրության է արժանի բժշկական ծառայության պատշաճ իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ձերբակալված եւ կալանավորված անձանց խցերին կից բժշկական ծառայություններ ունենալու կարեւորությանը:
Արփինե Սարգսյանը նշել է, որ շենքային պայմանները ոչ այնքան բավարար են, եւ հաճախ բժշկական զննության սենյակները համատեղվում են այլ գործողությունների կատարման սենյակների հետ: «Մեր խնդիրն է լինելու հստակ տարանջատել այս գործողությունը մնացյալ գործառույթներից, որ կարողանանք բարձր մակարդակով ապահովել բժշկական զննությունը եւ այլ խնդիրների հասցեականությունը»,- փաստել է նա:ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել առաջարկվող կարգավորումը: