Ատեստավորման միջոցով մինչեւ 138.000 դրամ հավելավճար ստանալու հնարավորություն կընձեռվի արտադպրոցական կրթության ոլորտում աշխատող մանկավարժներին

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ, առանց հարկերի լրավճարը կկազմի 100.000 դրամ:

Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Կրթության մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները փետրվարի 10-ի նիստում ներկայացնելիս: Նշվել է, որ առաջին փուլով դիմելու հնարավորություն կունենան երաժշտական եւ արվեստի դպրոցների դաշնամուրի եւ երաժշտության տեսության ուսուցիչները, մարզադպրոցների ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի եւ ձյուդոյի մարզիչ-մանկավարժները: Տարվա ընթացքում նախատեսվում է նաեւ երկրորդ փուլով ատեստավորում, ինչը մասնակցելու լրացուցիչ հնարավորություն կընձեռի մյուսներին: Նախարարի կարծիքով եկող տարվանից համակարգն ամբողջությամբ ատեստավորման դիմելու եւ մասնակցելու հնարավորություն կունենա:

Սահմանվում է արտադպրոցական կրթության նպատակը՝ այն համապատասխանեցնելով հանրակրթության չափորոշչին եւ մարտահրավերներին, որոնց բախվում է համակարգը: Սահմանվում են արտադպրոցական ծրագրերի ուղղությունները եւ իրականացնողների շրջանակը: Կարգավորվում է արտադպրոցական ծրագրերի ձեւաչափի եւ վերջնարդյունքների սահմանումը, որը թույլ է տալու ունենալ բովանդակային չափորոշիչներ եւ ոլորտում որակյալ ծառայությունների երաշխավորման գործիք:

«Ցանկանում ենք արդյունավետ ու սահուն այս համակարգի կիրառումն իրականացնել ու ավարտել 2026-2027 թվականներին, ու երկրորդ փուլով աշխատավարձը բարձրացնելու եւ ութ հարյուր հազարից մեկ միլիոն հասցնելու հնարավորություն տալ մանկավարժներին». հարակից զեկույցում ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, նշելով, որ իր առաջարկների զգալի մասն ընդունվել է, այդուհանդերձ կարծիք է հայտնել, որ նախաձեռնությամբ հատվածական եւ ժամանակավոր լուծումներ են տրված: Նրա գնահատմամբ արտադպրոցական ծրագրի կարեւորագույն բաղադրիչը կրթադաստիարակչական գործառույթն է, մինչդեռ կրթական եւ դաստիարակչական ծրագրեր իրականացնող մեծ հատված դուրս է մնացել այս փոփոխություններից: Նա հավելել է, որ մեր պետությունը չունի արտադպրոցական կրթության եւ դաստիարակության ռազմավարություն:

Հակադարձելով պատգամավորին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եզրափակիչ ելույթում պարզաբանել է արտադպրոցական ծրագրի բովանդակությունը. այն երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողանուկությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող եւ կատարելագործող ֆորմալ-կրթական ծրագիրը լրացնող ուսումնական ծրագիր է: «Կարծում եմ, որ այս ձեւակերպմամբ փարատվում են Ձեր մտահոգությունները»,- դիմելով Լիլիթ Գալստյանին՝ նշել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Կրթության ռազմավարությունը վեցամյա ընդմիջումից հետո նախորդ տարեվերջին է ընդունվել, որով հստակ ամրագրվել է արտադպրոցական կրթության հանդեպ մոտեցումը՝ որպես հանրակրթության բաղադրիչ:

Spread the love