«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի եւ գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4.127.611.164 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։
Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, «Նոր Զովք» ՍՊ ընկերության բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու եւ միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023թթ․ ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ եւ վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ եւ միջոցներ: Մասնավորապես, «Նոր Զովք» ՍՊ ընկերության խանութների ցանցում ներդրվել է առեւտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։
Հարկային չարաշահումների վարույթով քրեական հետապնդում է հարուցվել այդ 4 անձի նկատմամբ. նրանք ձերբակալվել են։