Հանրապետության մարզերում ինչպես նաև մեծ ու փոքր համայնքներում երեխաների պաշտպաության օրը հունիսի 1-ը նշեցին մշակութային միջոցառումների ուղեկցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից՝ Արտաշատ համայնքում Մանուկների տոնը նշվեց գեղեցիկ միջոցառմամբ։
Համայնքապետարանի մերձակա հրապարակում տոնական տրամադրություն էր տիրում։ Երեխաների օրն անմոռանալի դարձրեցին հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսները և խաղավարները, ուրախ երգերն ու պարերը։
Ամառային գունեղ տոնի առթիվ բոլոր մանուկներին
շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Օրն ավարտվեց երեխաների ամենասիրելի անակնկալով` պաղպաղակի և քաղցրավենիքի հյուրասիրությամբ։
Իսկ Դիլիջան համայնքի ղեկավար՝ Դավիթ Սարգսյանը իր ֆեսբուքյան պաշտոնական էջով ուղերձ է հրապարակել հետևյալ բովանդակությամբ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Թանկագի՛ն փոքրիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ այսքան սիրված ու մանկական տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ի սրտե մաղթում եմ, որ միշտ առողջ լինեք, ապրեք ընտանեկան հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատված, երազանքներ կառուցեք ու հաստատուն քայլերով հասնեք դրանց իրականացմանը, անհոգ վայելեք ձեր մանկությունը:
Այս օրը մեզ կրկին հիշեցնում է, որ երեխաների երջանիկ մանկության ու հավասարակշռված դաստիարակության պատասխանատուն մենք ենք՝ մեծահասակներս: Մենք ենք ապահովելու նրանց գունավոր աշխարհի զարգացումն ու անվտանգ մանկությունը: Թող յուրաքանչյուր երեխա ջերմ ու խաղաղ միջավայրում մեծանա: Իսկ Դիլիջանը ողողվել է տոնական տրամադրությամբ մանուկների երգ ու պարով , մշակութային միջոցառումներով և հյուրասիրությամբ:
Մայրաքաղաքի տարբեր թաղամասերում ևս տիրում էր ուրախ և տրամադրության հաղորդող մթնոլորտ, Ազատության հրապարակը լեցուն էր քաղաքապետարանի կողմից կազմակերպված մանկական ժամանցային խաղերով, տոնական համերգով և հյուրասիրությամբ, որը նոր շունչ էր փոխանցում մանուկներին և նրանց ծնողներին:
Կարինե Սարգսյան