Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը կշարունակի պայքարել ինքնորոշման համար, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է արել զգույշ լինել արտահայտություններում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու հարցերում։
«Ոչ մի երկիր չի կարող զրկել մեզ ինքնորոշման իրավունքից։ Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաեւ այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։
Նա նշել է, որ անկախ որեւէ հայտարարությունից՝ Արցախը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։
Նա նաեւ նշել է, որ պատրաստ է երկխոսության Բաքվի հետ, որը «պետք է հաշվի առնի նաեւ մեր իրավունքներն ու վարվի իրավահավասարության սկզբունքով»։
Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի հումանիտար աղետի կանխման, պարենի առաքման համար, բայց եւ միաժամանակ դեմ է արտահայտվել Ադրբեջանի՝ մթերքները Բաքվից Բարդա-Աղդամ ճանապարհով առաքելու առաջարկին։
Նա նշել է, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նույնպես դժվարություններ ունեն պարենային ապահովման իմաստով, եւ «նրանք եւս օգտվում են մեր սուղ պարենային պաշարներից»։