Հայաստանյան դեղատներում պարբերաբար հայտնվում են անօրինական ճանապարհով Հայաստան ներմուծված դեղեր՝ նախատեսված թուրքական շուկայի համար։ Դրանք արտաքին տեսքով շփոթության աստիճանի նման են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերին, սակայն տարբերվում են թե՛ արտադրության երկրով և թե՛ գրանցման սերիական համարով: Այս մասին NEWS.am-ը պարզել է՝ ուսումնասիրելով դեղերի շուկան Հայաստանում։ Դեռևս մայիսին «Հանուն Հայկականի» ֆեյսբուքյան խմբի անդամներից Մերի Հովհաննիսյանն ահազանգել էր, որ ասթմայով հիվանդ թոշակառու մայրը դեղատնից գնել է 13.000 դրամ արժողությամբ «Սերետիդ» անվանումով դեղամիջոցը, և արդեն տանը պատահաբար պարզել, որ տուփի վրա թուրքերեն մակնշումներ են առկա, ինչը նշանակում է, որ դեղը նախատեսված է թուրքական շուկայի համար։ Նշենք, որ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գրանցված դեղերի տեղեկատուում գրանցված է «Սերետիդ» տեսակի շնչառման դեղափոշին, որի արտադրման երկիրը Ֆրանսիան է, իսկ ասթմայով հիվանդների համար նախատեսված թուրքական ծագման որևէ այլ տեսակի դեղամիջոց Հայաստանում գրանցված չէ։
Ավելի ուշ NEWS.am-ը պարզել է, որ ֆրանսիական արտադրության դեղամիջոցը նախկինում Հայաստան է ներմուծվել Ռուսաստանից, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունքում՝ տվյալ դեղի մատակարարումը դադարեցվել է։ Ներկայումս որոշ դեղատներում դարձյալ առկա է ֆրանսիական արտադրության տվյալ դեղամիջոցը, սակայն, թե ինչ ճանապարհով է այն ներմուծվել Հայաստան, հայտնի չէ։
ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս Հայաստանում գրանցված է թուրքական ծագման ընդամենը մեկ տեսակի դեղամիջոց։ Խոսքը Բիեմեքսոլ (յոհեքսոլ) տեսակի ներակրկման լուծույթի մասին է, որի գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական Բիեմ իլակ Սան ընկերությունն է (Տանգոդան/Կանկայա, Անկարա, Թուրքիա):
«2023 թվականի հուլիսի 10-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 3450 դեղ, որոնցից 14 դեղերի արտադրական փուլերից առնվազն մեկում ընդգրկված է Թուրքիայում տեղակայված արտադրատարածք, սակայն դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերն են եվրոպական Ալկալոիդ, Գալենիկա, Գեներիկոն, Լեկ, Սանդոզ, և Նովարտիս ընկերությունները և կորեական Սելտրիոն ընկերությունը: Գրանցամատյանում առկա է միայն մեկ դեղ, որի արտադրողը և գրանցման հավաստագրի իրավատերը թուրքական ընկերություններ են»,-հայտնել են առողջապահության նախարարությունից՝ միաժամանակ պարզաբանելով, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն` դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է օրենքով նախատեսված պատասխանատվություն կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:
Պետական եկամուտների կոմիտեից էլ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2022թ․ բացահայտել է ապրանքները չհայտարարգրելու եղանակով Թուրքիայից Հայաստան դեղամիջոցներ ներմուծելու երեք դեպք, որոնցով մաքսային մարմինների կողմից հարուցվել են վարչական վարույթներ՝ մաքսային կանոնների հնարավոր խախտման հատկանիշներով։