Բաքվում փորձել են ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձել է ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը, օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ճեպազրույց Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Ճեպազրույցում օտար երկրների ռազմական ներկայացուցիչներին փորձել են համոզել, որ Հայաստանն իբր Լաչինի միջանցքն օգտագործում է «անօրինական ռազմական փոխադրումների» համար։ Հիշեցնենք, որ միջանցքով անցումը փակ է անցած տարվա դեկտեմբերից, ինչի համատեքստում նման պնդումները առնվազն անհեթեթ են թվում։ Ռազմական կցորդներին փորձել են նաեւ հուշել միտքը Աղդամի ճանապարհի մասին։  Հայտարարվել է «քաղաքացիական բնակչության զանգվածային զինման մասին՝ մի քանի բնակավայրերում տարբեր նշանակության ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ հակաօդային եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների տեղակայման միջոցով»։ Թե ինչու «զինել» քաղաքացիական բնակչությանը ՀՕՊ եւ ՌԷՊ միջոցներվ՝ հայտնի չէ։

«Հատկապես նշվել է հակառակոդի այսօրինակ գործողությունների անթույլատրելիությունը, որը փորձում է օգտագործել Հայաստանում Եվրամիության առաքելությանը՝ որպես գործիք իր հակաօրինական գործողությունները քողարկելու համար՝ ուղղված միջազգային հանրությունում կեղծ կարծիքի ստեղծմանը»,- մեջբերում են կատարել ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-ն գնդակոծել էր ԵՄ առաքելությունը, բայց Բաքվում դա փորձում են հերքել՝ հակասական «բացատրություններ» ներկայացնելով»։

Վերջում ցուցադրվել են ֆեյք տեսանյութեր։

Spread the love