Ադրբեջանի Մամուլի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի և հայազգի ռոք աստղ Սերժ Թանկյանի՝ BBC հեռուստաալիքին տված հարցազրույցի հետ, որում նրանք պատմել են Արցախում հումանիտար աղետի մասին։
Ադրբեջանական կազմակերպությունը հեռուստաալիքին մեղադրել է «հայկական անջատողականության քարոզչության մեջ»։
Մասնավորապես, կազմակերպությունը հայտարարել է, որ «վերջերս BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվական կազմակերպության ադրբեջանական ծառայությունը, ոչ օբյեկտիվ նյութեր է հեռարձակում և կողմնակալ պնդումներ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանի հայաբնակ տարածքում առկա իրավիճակի մասին»։
«Արտահայտելով մեր երկրի լրատվական հանրության կարծիքը, ինչպես նաև մեր ողջ ժողովրդի շահերը՝ Մամուլի խորհուրդը գալիս է այն եզրակացության, որ BBC-ի ներկայիս մոտեցումն անկախ Ադրբեջանի իրողություններին անցանկալի է։ Կա՛մ այս մեդիա կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և իր պրակտիկ գործունեությամբ կարողանա ապացուցել իր անկեղծ մտադրությունը, կա՛մ պետք է կասեցվի նրա գործունեությունը Ադրբեջանում և չեղարկվի նրա հավատարմագրումը»,- ասվում է Ադրբեջանի Մամուլի խորհրդի հայտարարության մեջ։