Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայում խաղաղության հասնելու հեռանկարների բացակայության մասին։
«Թուրքիայի դիրքորոշումը Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ միանշանակ է։ Առաջին իսկ օրվանից մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, երկխոսությանը եւ դիվանագիտությանը։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար։ Մենք չենք բարդացրել խնդիրը եւ յուղ չենք լցրել կրակին, մենք ջանացել ենք հասնել այն բանին, որպեսզի երկու կողմերը հանդիպեն։ Ցավոք, արդեն 1,5 տարի շարունակվող պատերազմը դեռ ընթանում է։ Խաղաղության հասնելու ոչ մի հեռանկար հորիզոնում չի նշմարվում»,- լրագրողներին ինքնաթիռում ասել է Թուրքիայի նախագահը Սոչիից վերադառնալիս, որտեղ երկուշաբթի տեղի են ունեցել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունները։ Նրա խոսքով՝ «պատերազմում հաղթողներ չեն լինում, իսկ խաղաղության հարցում պարտվողներ չկան»։
«Մենք պատրաստ ենք մեր ավանդը ներդնել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։ Մենք նաեւ կշարունակենք միջնորդի դեր խաղալ այնպիսի հարցերում, ինչպիսին են գերիների փոխանակումը եւ Զապորոժիեի ատոմակայանը։ Մենք հույս ունենք, որ այս պատերազմը, որը վնաս է հասցնում մեր երկու հարեւաններին եւ մեր տարածաշրջանին, որքան հնարավոր է արագ կավարտվի արդար եւ ամուր խաղաղությամբ՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- ընդգծել է նա։