Այսօր Ռուսաստանի Դաշնային լրատվական տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Եկատերինա Նադոլսկայային կոպիտ կերպով արգելել են մասնակցել Նյու Դելիում G20 գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ասուլիսին։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ավելին, ֆրանսիացիները փորձել են կոտրել նրա հեռախոսը։ Նման խտրականության պատճառը, և դա ուղղակիորեն հայտարարել է ֆրանսիական մամուլի ծառայության աշխատակիցը, այն է, որ լրագրողը ներկայացնում է ռուսաստանյան լրատվամիջոցը։
Հետաքրքիր է, արևմտյան լրատվամիջոցները, որոնք մտահոգված են խոսքի ազատությամբ և իրավունքներով (օրինակ, Politico Europe-ը), կրկին չե՞ն նկատի Մակրոնի թիմի հերթական ռասիստական հարձակումը ռուսաստանյան լրատվամիջոցների դեմ։ Արդյո՞ք նրանք նորից կզարմանան ԵՄ երկրների իշխանությունների կողմից հայրենական լրատվամիջոցների նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների մեր պատասխան քայլերից։
Չենք կարող և խոնարհաբար չենք անտեսելու այն փաստը, որ արևմտյան կեղծ ժողովրդավարությունների ավանգարդը, այս անգամ ի դեմս Ֆրանսիայի, հերթական անգամ ցույց տվեց ռասայական խտրականության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ոտնահարման օրինակ։ Բացի նրանից, որ Փարիզն իսկական «վհուկների որս» է սկսել սեփական տեղեկատվական տարածքում՝ փաստացի ոչնչացնելով ռուսաստանյան հեռարձակողների լրատվամիջոցների ներկայությունը իր հանրային դաշտում և ստեղծելով անտանելի պայմաններ հայրենական թղթակիցների աշխատանքի համար: Այժմ նրանք չեն վարանում կարծիքների բազմակարծության և լրատվամիջոցների իրավունքների նկատմամբ նման արհամարհանքը արտահանել «կոլեկտիվ Արևմուտքի» տարածքից դուրս։ Այսինքն՝ այն երկրներ ու տարածաշրջաններ, որոնց Ֆրանսիան տասնամյակներ շարունակ ժողովրդավարություն և խոսքի ազատություն է քարոզել։
Կեղծիքով, ամբարտավանությամբ և բացառիկության բարդույթով հագեցած այսպիսի քաղաքականությունը, ի վերջո, կաշխատի իրենց դեմ։ Մենք կատարվածը դիտարկում ենք նաև որպես ռասիզմի և ագրեսիվ ազգայնականության բացահայտ դրսևորում, քանի որ միջադեպի հիմքում ընկած է ազգային խտրականությունը։
Ելիսեյան պալատից պահանջում ենք ներողություն խնդրել լրատվամիջոցի ներկայացուցչից։
Ներկայումս Ռուսաստանում հավատարմագրված են 11 ֆրանսիական լրատվամիջոցի ներկայացուցիչներ։ Նրանք բոլորն ազատ մուտք ունեն՝ մասնակցելու ՌԴ ԱԳՆ մամուլի միջոցառումներին։ Ի դեպ, ոչ ոք չի խանգարել France-Presse-ի թղթակցին օպերատորի հետ ներկա գտնվել G20-ի գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա ասուլիսին»,- գրել է Մարիա Զախարովան։