Սեպտեմբերի 11-ին կյանքից հեռացել է հայկական հեռուստաէկրանների ամենակերպարային ու խարիզմատիկ դեմքերից մեկը՝ դերասան Սամվել Սարգսյանը։ Սեպտեմբերի 18-ին նա կբոլորեր 68-ամյակը։
Դերասանը հայ հեռուստադիտողի շրջանում հայտնի է մի շարք գեղարվեստական ֆիլմերում եւ սերիալներում կերտած իր ճակատագրական հերոսներով։ Ճակատագրական էր նաեւ նրա կյանքը։ Իր բազմաթիվ հարցազրույցներում Սամվել Սարգսյանը ցավով էր հիշում Սպիտակի երկրաշարժը, որն իրենից խլեց ամենակարեւորը՝ ընտանիքը՝ կնոջն ու 7-ամյա որդուն։Սարգսյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է, օրինակ, «Մեր մանկության տանգոն»։ Տարիներ անց նա հեռուստաէկրաններ վերադարձավ ավելի հասուն ու հիշվող կերպարներով։ Հեռուստադիտողի շրջանում, հատկապես, տպավորիչ էին նրա հերոսները՝ «Կյանքի գինը», «Վերադարձ» հեռուստասերիալներում, որոնց հաջորդեցին «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի վարդը» սերիալները եւ «Փեսացուն կրկեսից», «Սուպեր մամա» ֆիլմերը։ 2014 թ-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի
Դերասանի մահն այսօր սգում են ոչ միայն հարազատները, ընկերներն ու երկրպագուները, այլեւ գործընկերները, որոնց բախտ է վիճակվել միասին լինել միեւնույն նկարահանման հրապարակում։ «Էհ…..ձյաձ Սամվել ջան…Լույսերի մեջ մնաս…»,-գրել է դերասան Գեւորգ Գրիգորյանը։ Ցավակցական հրապարակումներ են արել նաեւ դերասաններ Դավիթ Թադեւոսյանը, Նաիրա Մովսիսյանը, Լուսին Վարդանյանը, Արմեն Պետրոսյանը«Ես բախտ եմ ունեցել իր պես մեծ դերասանի հետ նույն նկարահանման հրապարակում աշխատել: Ես իրեն շատ եմ սիրել, շատ բան եմ սովորել: Մենք իրենից մի հատ ունեինք, մենք, իսկապես, հզորագույն դերասան կորցրինք: Շատ եմ ցավում»,-գրել է Սոս Ջանիբեկյանը։ «Սամ ջան, գնաս բարով․ շուտ էր, անժամանակ։ Շատ ցավոտ ա ու շատ տխուր։ Կմնաս մեր հիշողություններում ու մեր սրտերում։ Միշտ»,-նշել է Տիգրան Ներսիսյանը։