Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Պետական և համայնքային այլ կառույցներում օրվա խորհուրդը ևս հիշվեց տարբեր միջոցառումների իրականացմամբ:
Մասնավորապես Արտաշատ քաղաքում այսօր համայնքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ բացվեց հուշակոթող ՝ այդ մասին տեղեկանում ենք համայնքապետարանի պաշտոնական էջից,-« Արտաշատի Իսակովի թաղամասում այսօր բացվեց 2022 թվականի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման հետևանքով անմահացած Հրաչ Սարգսյանի, Գևորգ Բեգիջանյանի, և Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներ Արա Բաբաջանյանի և Վարդան Հովհաննիսյանի հիշատակն հավերաժացնող խաչքար-հուշակոթող» :
Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, զինվորականներ, համայնքապետարանի աշխատակիցներ, անմահացած հերոսների ծնողները, հարազատներ, արտաշատցիներ:
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը օրհնեց խաչքարը՝ Բարձրյալից հանգստություն ու լույս խնդրելով բոլոր նահատակների հոգիների համար:
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն իր խոնարհումը բերեց բոլոր նահատակներին՝ զորակցություն հայտնելով հերոսների ծնողներին, նրանց հարազատներին:
‹‹Այսօր լրացավ 1 տարին, երբ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ: Հայրենիքի պաշտպանության մարտերում ընկան հայորդիներ, այդ թվում՝ մեր համայնքի չորս արծիվ տղաներ: Արտաշատը նորից սգաց իր թանկ որդիների կորուստը, ինչպես 2020 թվականին, ինչպես բոլոր պատերազմների ժամանակ:
Այս պուրակը դառնալու է սրբազան ուխտատեղի բոլորիս համար ու հավերժացնելու է մեր հերոսների վառ հիշատակը:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն պուրակի ստեղծման գործում: Խոնարհվում եմ մեր տղաների վառ հիշատակի, նրանց ծնողների,կանանց, հարազատների անամոք վշտի առջև:
Մեզ համար հույս ու մխիթարություն է Հրաչ Սարգսյանի եղբոր՝ փոքրիկ Մոնթեի ծնունդը: Թող Հայաստան աշխարհում այլևս պատերազմներ չլինեն ու Մոնթեն և բոլոր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի ներքո››,- իր խոսքում մասնավորապես նշեց համայնքի ղեկավարը:
Հրաչ Սարգսյանը, ով անմահացել է 2022թ. սեպտեմբերի 13-ին, ‹‹Հաղթանակ ազատամարտիկների բրիգադ››-ի կողմից հետմահու պարգևատրվեց պատվոգրով:
Փառք ու պատիվ հայրենիքի համար անմահացած բոլոր քաջերին:
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
Կարինե Սարգսյան